Դալայ-լամա XIV-ը հավատացյալներին եւ անհավատներին Երկրի վրա խաղաղություն հաստատելու եւ երջանկության հասնելու, կարեկցանքի, բարի նպատակների եւ բարի գործեր կատարելու կոչ է արել։

«Երբ դուք լույս աշխարհ եք գալիս, ձեր մայրը ձեզ մեծացնում է սիրով։ Եթե մենք այս կյանքն ապրենք սիրով ու կարեկցանքով, մենք երջանիկ կլինենք։ Մեզ շրջապատող մարդիկ, մեր բարեկամները եւ մերձավորները նույնպես երջանիկ կլինեն։ Սերը եւ կարեկցանքն իսկապես մեզ անդորր եւ երջանկություն են բերում։ Միայն հոգու խաղաղությամբ մենք կկարողանանք ապրել Երկրի վրա»,- ասել է Դալայ-լաման՝ դիմելով տարբեր երկրների ուխտավորներին բուդդայական գլխավոր տաճարում՝ Հնդկաստանի Դհարամսալա քաղաքում։

Դալայ-լամայի խոսքով՝ Բուդդայի ուսմունքը «հենվում է տրամաբանության վրա»։ Եվ «իր բարեկամներին»՝ հավատացյալ, թե անհավատ, Դալայ-լաման միշտ հորդորում է «սրտում սեր եւ կարեկցանք աճեցնել եւ այդ կերպ օգնել մարդկանց եւ մյուս էակներին»։

«Ես մարդկանց կոչ չեմ անում բուդդայական դառնալ կամ դավանել ինչ-որ կրոնական ավանդույթ։ Ես կոչ եմ անում ձեզ բարի գործեր կատարել եւ բարի մտադրություններ սերմանել։ Անկախ այն բանից՝ հավատում եք, թե ոչ հաջորդ կյանքին, այս կյանքում պետք է բարի մտքեր աճեցնել եւ բարի գործեր կատարել»,- համոզված է Դալայ-լաման։

Տիբեթի բուդդայականության հոգեւոր առաջնորդը անցած շաբաթ Դհարամսալայում, որտեղ գտնվում է նրա նստավայրը, տանտրիյան Գյուդմեդ եւ Գյուտո տաճարների խնդրանքով քարոզներ է կարդացել։