Ներքին գործերի նոր նախարարության հարկի տակ կմիավորվեն երեք կարեւոր կառույցներ։ Դրանք են Ոստիկանությունը, Արտակարգ իրավիճակների նախարարությունը եւ Միգրացիոն ծառայությունը։ Այս մասին Ազգային ժողովում հուլիսի 12-ին ՆԳՆ կազմավորման քննարկման ժամանակ ասաց արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը։

Նրա խոսքով, թեեւ Ներքին գործերի նախարարության ստեղծումն ի սկզբանե դիտարկվել է ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների համատեքստում, սակայն որոշվել է ներառել եւ՛ Արտակարգ իրավիճակների նախարարությունը, եւ՛ Միգրացիոն ծառայությունը։

«Վերջին ամիսների քննարկումները հանգեցրել են այն եզրակացության, որ մեզ անհրաժեշտ է ավելի ժամանակակից, միջազգային չափանիշներին համապատասխան նախարարություն։ Մենք նաեւ ցանկանում ենք բարձրացնել ճգնաժամային իրավիճակների եւ բնական աղետների կառավարման արդյունավետության մակարդակը»,- պարզաբանեց Սարգսյանը։

Նրա խոսքով, ճգնաժամային իրավիճակների եւ բնական աղետների դեպքում չափազանց կարեւոր է մեկ կենտրոնից կառավարում ապահովելը։ Դա կբարձրացնի արձագանքման արագությունը եւ հետեւանքների վերացման արդյունավետությունը։

«Այս միավորումը կլուծի նաեւ ռեսուրսների սղության խնդիրը։ Ի վերջո, դա ծառայելու է առկա հնարավորությունների համախմբմանը»,- նկատեց կառավարության ներկայացուցիչը։