Վրացի հայտնի ռեժիսոր Ռոբերտ Ստուրուրան զրկվել է աշխատանքից: Իր ազատման մասին պատմել է Ստուրուան Facebook-ի իր էջում: Հաղորդագրությունը բաղկացած է մեկ բառից. «Վտարեցին»:
Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պաշտպանության նախարարությունում հաստատել են, որ Ստուրուան հեռացվել է Շոթա Ռուսթավելիի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական գեղարվեստական ղեկավարի պաշտոնից, բայց պատճառները չեն հայտնել:
«Ես չեմ թաքցրել իմ քննադատական տրամադրությունները Վրաստանի ներկայիս իշխանությունների նկատմամբ, որոնք այդ քննադատությունները չհանդուրժեցին»,- ասել է Ստուրուան:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, վրացի ռեժիսոր Ռոբերտ Ստուրուան ասել էր, թե «չի ցանկանում, որ Վրաստանի նախագահը լինի այլ ազգության ներկայացուցիչը»:
Իր ստեղծագործական երեկոյին ռեժիսորը հայտարարել էր, որ ուզում է, որ երկիրը գլխավորի վրացին, այլ ոչ թե հայը, ինչպիսին է նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, հաղորդում է «Վզգլյադ» թերթը:
Ընդ որում, Շոթա Ռուսթավելիի անվան թատրոնի գեղարվետսական ղեկավարը ընդգծել էր, որ սիրում է հայերին, շատ հայ մտերիմներ ունի, այդուհանդերձ կառավարամերձ շրջապատի շատ ներկայացուցիչներ նրան մեղադրել են այլատյացության մեջ:
Խոսելով Վրաստանի իշխանությունների մասին՝ ռեժիսորը հայտարարել էր, որ երկիրը գտնվում է «կիսադեգեներատների ձեռքին»: Նրա խոսքով, Վրաստանը Ռուսաստանի նկատմամբ հարաբերություններում մոռացել է դիվանագիտության կանոնների մասին:




























