Լեյշմանիոզի թեման վերջերս ակտիվորեն քննարկվում է հայկական ԶԼՄ-ներում եւ հատկապես սոցիալական ցանցերում՝ որպես կանխարգելիչ միջոց շներին քնեցնելու հաճախացած դեպքերի համատեքստում։ Կենդանապաշտպանները ենթադրում են, որ մարդկանց համար վտանգավոր հիվանդության դեմ պայքարի անվան տակ իշխանությունները պարզապես փորձում են կրճատել անտուն կենդանիների թիվը։ Գրանցված դեպքերի թվի եւ տարածման պատճառների հետ կապված իրավիճակը պարզաբանելու համար NEWS.am-ի թղթակիցը զրուցեց առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի մարդու և կենդանիների համար ընդհանուր եւ մակաբուծային հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանի հետ։
Փորձագետը հաստատեց, որ լեյշմանիոզի վարակի աղբյուրը շներն են, հիվանդությունը փոխանցվում է մլակների միջոցով։ «Գրանցված դեպքերը այնքան էլ շատ չեն, քանի որ հիվանդությունը դրսեւորվում է իմունային համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց մոտ։ Մեծ է տարածումը նաեւ երեխաների շրջանում»,- նշեց Լուսինե Պարոնյանը։
«Կարեւոր է հիշել, որ ի տարբերություն մոծակների, մլակները բազմանում են օրգանական թափոնների կուտակումներում: Որքան մաքուր է շրջակա միջավայրը, այնքան քիչ են մլակները եւ, համապատասխանաբար, այս վտանգավոր հիվանդության տարածման վտանգը»,- հիշեցնում է մասնագետը։
Աղբահանությունը պետք է ժամանակին անել՝ կուտակումներ թույլ չտալ։ Սա հավասարապես վերաբերում է քաղաքային եւ գյուղական բնակավայրերին: Այն դեպքերում, երբ բազմաբնակարան շենքերի աղբատարները եռակցվել են առանց պատշաճ նախնական մաքրման եւ շարունակում են «բուրել», փորձագետը խորհուրդ է տալիս դիմել համատիրություններին եւ պահանջել աղբատարի լրացուցիչ մաքրում:
Ինչպիսի՞ ախտանիշների դեպքում պետք է դիմել բժշկի
«Ցանկացած ախտանիշի դեպքում պետք է դիմել բժշկի: Սակայն այս հիվանդության ախտանիշները ցայտուն չեն եւ կարող են ընկալվել որպես այլ հիվանդությունների ախտանիշներ: Հիմնական ախտանիշը պացիենտի վիճակի անընդհատ վատթարացումն է, ի հայտ է գալիս անեմիա։ Մեր բուժաշխատողները զգուշացված են, որ անեմիայի դեպքում անհրաժեշտ է իրականացնել լեյշմանիոզի հետազոտություն»,- ասում է Լուսինե Պարոնյանը։
Ի՞նչ է ասում վիճակագրությունը
Վիճակագրական տվյալների համաձայն՝ լեյշմանիոզի հայտնաբերված դեպքերի ամենամեծ թիվը գրանցվել է 2015 թվականին, երբ հայտնաբերվել է 18 դեպք։ 2000-2001 թվականներին գրանցվել է ոչ մեծ աճ, այնուհետեւ մինչեւ 2006 թվականը՝ նվազում, մինչեւ 2009 թվականը՝ կրկին աճ, մինչեւ 2014 թվականը՝ կրկին նվազում։ 2016 թվականից դեպքերի թիվն կայուն նվազում է։ Այս տարվա սկզբից մարզերում գրանցվել է ընդամենը ութ դեպք։ Երեւանում ոչ մի դեպք չի եղել, չնայած նախորդ տարիներին դեպքերն արձանագրվել են հիմնականում Երեւանում, Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզերում։ Այս հանգամանքն էլ թափառող շների պոպուլյացիայի իրավիճակի հանդեպ ակնդետ ուշադրության պատճառ է դարձել։
«Շները, որոնց մոտ լեյշմանիոզ է ախտորոշվել, քնեցվել են (քանի որ շների լեյշմանիոզը արդյունավետ բուժման չի ենթարկվում, իսկ բուժման ընթացքում կենդանին շարունակում է վարակի աղբյուր մնալ մարդկանց և այլ շների համար) եւ մասնագետները կարծում են, որ հենց դա է մայրաքաղաքում դեպքերի նվազման պատճառ դարձել»,- ասաց Լուսինե Պարոնյանը։ Տավուշում անասնաբույժների հետ համագործակցված աշխատանքներ են տարվել, նրանք հայտնաբերել են վարակի օջախները։ Երբ վարակի աղբյուրը բացառված է, մարդկանց մոտ վարակի դեպքեր չեն հայտնաբերվում:
Մասնագետը պարզաբանեց, որ թեեւ հիվանդության աղբյուրը շնազգիներն են, իսկ լեյշմանիոզի որոշ տեսակների համար նույնիսկ կրծողները, Հայաստանի դեպքում խոսքը հենց շների մասին է։ Քանի որ, ըստ եվրոպացի մասնագետների, շնագայլերի մոտ հայտնաբերված հարուցիչները չեն փոխանցվում մլակների միջոցով։
Վստահելի՞ են արդյոք արագ ախտորոշման (ռապիդ) թեստերը
Մասնագետը կարծում է, որ՝ այո։ «Դրանք շատ սպեցիֆիկ եւ զգայուն թեստեր են, արձագանքում են հակամարմիններին: Ի տարբերություն այլ ռապիդ-թեստերի, այստեղ կարելի է խոսել ճշգրտության շատ բարձր աստիճանի մասին»,- ասում է բաժնի պետը։ Ճիշտ է՝ կենդանապաշտպանները հակառակն են ասում, նրանք նաեւ խոսում են քաղաքապետարանի կողմից գնված թեստերի ցածր որակի մասին։
Մոծակները մլակներ չեն, բայց նույնպես վտանգավոր են
Շատերը սխալմամբ կարծում են, որ լեյշմանիոզը փոխանցվում է մոծակների միջոցով: Չնայած դա այդպես չէ, մոծակները նույնպես կարող են վտանգավոր հիվանդությունների, օրինակ՝ մալարիայի փոխանցողներ լինել։
«Մալարիան փոխանցվում է մոծակների միջոցով։ Ինչպես նշվեց վերեւում, եթե մլակների բազմացման համար օրգանական աղբ է անհրաժեշտ, ապա մոծակները բազմանում են ջրային տարածքներում: Բարեբախտաբար, Հայաստանին հաջողվել է հասնել մալարիայի տեղական դեպքերի վերացմանը, այլ կերպ ասած՝ հանրապետության տարածքում մեկուկես տասնամյակ է, ինչ մալարիայի ոչ մի տեղական դեպք չի հայտնաբերվել, միայն՝ բերովի դեպքեր։ 2011 թվականին ԱՀԿ-ն Հայաստանը վկայագրել է որպես մալարիայից ազատ տարածք։ Բայց մենք զգոն ենք՝ կան մոծակներ, լինում են բերովի դեպքեր, եւ եթե միջոցներ չձեռնարկվեն, հնարավոր են տեղական բռնկումներ։ Ուստի, շեշտը դրվում է դեպքերի արագ հայտնաբերման եւ բուժման վրա: Ի տարբերություն լեյշմանիոզի՝ սա անթրոպոնոզ հիվանդություն է, այսինքն՝ վարակի աղբյուրը մարդն է, իսկ մոծակները միայն փոխանցողներ են։ Մալարիան ամենից շատ ներմուծվում է աֆրիկյան երկրներից։ Բայց այնտեղից բերում են հիմնականում արեւադարձային մալարիան, որը մեր մոծակներով չի փոխանցվում»,- նշում է Լուսինե Պարոնյանը։
Կանխարգելման ի՞նչ միջոցներ կան
Կանխարգելման միջոցներ կան, եւ դրանք բավականին պարզ են։ Սկսվել են մալարիայի դեմ պատվաստանյութի հաջող փորձարկումներ։ Ինչ վերաբերում է լեյշմանիոզին, Եվրոպայում շների շրջանում լեյշմանիոզի դեմ պատվաստում կա, Հայաստանում, ցավոք, դեռեւս ոչ։ «Կենդանիների հիվանդությունների կանխարգելման ամենաարդյունավետ միջոցը լվերի եւ տզերի դեմ վզափոկերն են, ինչպես նաեւ մակաբույծների դեմ կենդանու մազերի համապատասխան մշակումը: Եթե մլակը չխայթի՝ կենդանին չի վարակվի։ Ի դեպ, այս սխեման արդյունավետ է նաեւ մարդկանց համար։ Անհրաժեշտ է օգտագործել ռեպելենտներ, դրանք կպաշտպանեն եւ՛ մլակներից, եւ՛ մոծակներից, եւ՛ տզերից։ Եթե դուրս եք գալիս քաղաքից կամ երեկոյան դուրս եք գալիս զբոսանքի, օգտագործեք ռեպելենտներ կամ հագեք բաց գույնի հագուստ, որի վրա մլակները, մոծակները եւ տզերը լավ երեւում են»,- խորհուրդ է տալիս մասնագետը։





























