Ուկրաինայում ընթացող պատերազմը մոտ ապագայում կվնասի Եվրամիության տնտեսական վերականգնումը՝ ցածր տնտեսական աճի եւ բարձր գնաճի միջոցով, հայտնում է PA Media-ն եւ հավելում, որ եվրագոտու 19 պետություններում, ըստ կանխատեսումների, գնաճը կկազմի միջինում 7,6 տոկոս:
Անցած ամսվա ընթացքում, նախորդ տարվա համեմատ, սպառողական ծախսերն աճել են 8,6 տոկոսով:
«Ուկրաինայի պատերազմը շարունակում է ստվեր գցել Եվրոպայի եւ դրա տնտեսության վրա»,- ասել է ԵՀ փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը։
Գնաճը պայմանավորված է պատերազմի հետեւանքով առաջացած էնէերգետիկ ճգնաժամով եւ էներգակիրների գնաճով: Աճում են մտավախությունները, որ, ձմռանն ընդառաջ պաշարները համալրելու ֆոնին, Ռուսաստանի Դաշնությունը կարող է դադարեցնել գազի մատակարարումները:
ԵՄ-ն ընդունել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է մի քանի ամսով դուրս բերել եվրոպական տնտեսությունը հավասարակշռությունից եւ ցանկացած կանխատեսում դարձնել խիստ անորոշ: ԵՄ հայտարարության մեջ նշվում է, որ տնտեսական ակտիվությունն ու գնաճի կանխատեսման ռիսկերը կախված են պատերազմական գործողությունների զարգացումից եւ, մասնավորապես, գազի մատակարարումների վրա դրա ազդեցությունից:
Բացի վերոնշյալ պայմաններից, տնտեսական վերականգնման վրա բացասաբար է ազդում եվրոյի ցածր ցուցանիշը: Բացի այդ աճել է Covid-19-ով վարակման նոր դեպքերի թիվը, ինչը նույնպես կարող է բացասաբար ազդել տնտեսության վրա:
Այնուամենայնիվ, անկայունությունը կարող է նաեւ փոխվել, քանի որ ապրանքների եւ էներգիայի գները կարող են նվազել ավելի արագ տեմպերով, քան կանխատեսվում է:





























