Տասնամյակներ շարունակ Անտոնիս Դիսիոսի արհեստանոցը բզզում էր կարի մեքենաների աղմուկից, որոնք մորթուց մուշտակներ էին կարում նրա ռուս հարուստ հաճախորդների համար։ Մարտին Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցները մեկ գիշերվա ընթացքում փակեցին բիզնեսները, հաղորդում է Reuters-ը:

Disios-ին, ինչպես եւ Կաստորիա լճափնյա քաղաքում մորթու հարյուրավոր այլ ձեռնարկությունների, արգելվեց արտահանել Ռուսաստան՝ հունական մորթու արդյունաբերության հիմնական շուկա: Չունենալով ներքին շուկա՝ նա իր 23 աշխատողներին ուղարկեց տուն, մինչդեռ պահեստները լիքն էին հարյուրավոր չվաճառված մուշտակներով:

«Այս քաղաքն ամենավատ ժամանակներն է ապրում»,- ասում է Դիսիոսը՝ կանգնած իր լուռ ցուցասրահում: «Մենք հուսահատված ենք».

Բարձրացնելով վերարկուն, որը, նրա խոսքով, 30 000 եվրո արժե եւ պատրաստված է աշխարհի ամենաթանկարժեք մորթիներից մեկից՝ ռուսական սամույրից, նա կոչ է անում ԵՄ-ին ազատել ոլորտը պատժամիջոցներից: «Նրանք պետք է ազատեն մեզ։ Կամ նրանք կարող են վերցնել դրանք եւ իրենք վաճառել»,- ասում է Դիսիոսը:

Կաստորիան Հունաստանի մորթու արդյունաբերության դարավոր կենտրոնն է, Եվրոպայում մորթու արտադրության վերջին կենտրոնը եւ ԵՄ այն սակավաթիվ երկրներից մեկը, որտեղ դեռեւս թույլատրված է գազանաբուծությունը, չնայած կենդանիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների ճնշումներին տանը եւ արտասահմանում:

Ակտիվիստներն ասում են, որ մեծ թվով նորաձեւության խոշոր տների աճի հետ մեկտեղ, ինչպիսիք են Gucci-ն եւ Prada-ն, որոնք խոստանում են ապագայում աստիճանաբար հրաժարվել բնական մորթուց, Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կարող են օգնել արագացնել այն ոլորտի անկումը, որը նրանք «բարոյական սնանկ» են անվանում:

«Ռուսներն ավանդաբար խոշոր գնորդներ են եղել։ Ակնհայտ է, որ պատերազմը դադարեցրել է դա, ինչը շատ լավ նորություն է»,- ասում է ամբողջ աշխարհում կենդանիների պաշտպանության ավելի քան 50 խմբերից բաղկացած Fur Free Alliance կոալիցիայի ներկայացուցիչ Մարկ Գլովերը:

Հունաստանում մորթու առեւտրին հասցված հարվածը արտացոլում է այլ ոլորտների կորուստները, ինչպիսիք են գյուղատնտեսությունը։ Բայց ոչ մի տեղ այն ավելի կտրուկ չէ, որքան Կաստորիայում, որը երկրի ավերիչ տասնամյա տնտեսական ճգնաժամը հաղթահարել է մորթու արտահանման շնորհիվ:

Քաղաքով անցնող բանուկ ճանապարհը կոչվում է Մորթեգործների պողոտա, իսկ փողոցները լի են մորթու այժմ փակ բուտիկներով, որոնց վրա ռուսերեն եւ հունարեն ցուցանակներ են:

1990-ականների կեսերից նրանց բիզնես մոդելը կողմնորոշված էր դեպի տարածաշրջանի ռուս գնորդներն ու զբոսաշրջիկները, եւ Հունաստանի մորթու ֆեդերացիան ասում է, որ նոր շուկաներ, ինչպիսին է Հարավային Կորեան, ներթափանցելու ջանքերը պահանջում են դժվարին պայքար:

Պատժամիջոցները նաեւ թույլ չեն տալիս խանութներին ապրանքներ վաճառել ռուս զբոսաշրջիկներին Հունաստանում, քանի որ մորթին համարվում է շքեղության առարկա:

«Մենք պարզապես չենք կարողանում նոր շուկա գտնել, մեզ անհրաժեշտ են որոշակի պայմաններ,- ասում է ֆեդերացիայի նախագահ Ապոստոլոս Ցուկասը,- Ձեռնարկությունների փակումը, անկախ նրանից, թե պետությունից ինչքան օգնություն կստանանք, ժամանակի խնդիր է»։

Մինչ օրս երկրի հիմնականում ընտանեկան ձեռնարկություններից մոտ 2000-ը, որտեղ աշխատում է մոտ 4000 մարդ, ըստ ֆեդերացիայի, կառավարությունից օգնություն են ստացել, ինչը նրանց հնարավորություն է տվել աշխատանքից չազատել մարդկանց: Միջոցառումը, որն ուժի մեջ է մտնում երեք ամսով՝ մինչեւ սեպտեմբեր, բիզնեսին թույլ է տալիս կասեցնել պայմանագրերը իրենց աշխատողների 80 տոկոսի հետ, որոնք պետական նպաստներ կստանան:

Մորթու արտադրանքը Հունաստանի արտահանման առաջին տասնյակում է, սակայն դրանց ծավալը տարիների ընթացքում նվազում է։ Հունաստանի վիճակագրության համաձայն՝ անցյալ տարի Ռուսաստան արտահանումը կազմել է 14 մլն եվրո՝ 2017 թվականի 55 մլն եվրոյի դիմաց։

Հունիսին Կաստորիա կատարած այցի ժամանակ կառավարության բարձրաստիճան նախարար Ակիս Սկերցոսն ասել է, որ ոլորտը «կաջակցվի, եւ մենք կանենք ամեն ինչ՝ այն կենսունակ պահելու համար», բայց խոստովանել է, որ անհրաժեշտ է նաեւ գործունեության այլ ձեւերի անցնել:

Երկրի մորթեգործների համար իրենց արհեստից հրաժարվելը դառը հաբ է։

«Այնքան աղմուկ կար բոլոր աշխատող (կարի) մեքենաներից եւ այստեղ աշխատող բոլոր մարդկանցից,- ասում է 84-ամյա Խրիստոս Պապադոպուլոսը: «Մենք վերջացրինք»,- ասում է նա՝ կանգնած իր դատարկ արհեստանոցում,- Ես խուսափում եմ այստեղ իջնել։ Ես սրտի կաթված կստանամ»։