Գազային ճգնաժամը Գերմանիային ստիպել է քննարկել մնացած երեք ատոմակայանների շահագործման ժամկետը երկարացնելու հարցը, գրում է Reuters-ը։
Գերմանիայի մնացած երեք ատոմակայանները պետք է փակվեն մինչեւ տարեվերջ այն բանից հետո, երբ Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը խոստացել է աստիճանաբար հրաժարվել միջուկային էներգետիկայից ՝ 2011 թվականին Ճապոնիայում Ֆուկուսիմայի միջուկային վթարից հետո:
2022 թվականի առաջին եռամսյակում այս երեք ատոմակայաններին բաժին է ընկել Գերմանիայի էլեկտրաէներգիայի արտադրության 6 տոկոսը։
«Հյուսիսային հոսք 1» խողովակաշարով Գերմանիա ռուսական գազի մատակարարումների կրճատումը ուժեղացրել է Գերմանիայում եւ Եվրոպայում ատոմային էներգիայի կողմնակիցների ձայնը այս ձմռանը էլեկտրաէներգիայի սպասվող պակասից առաջ:
Նախարարությունը հայտնել է, որ ցանցի օպերատորները խնդրել են վերստուգել միջուկային էներգիայի կենսունակությունը:
«Հիմա մենք նորից կանենք հաշվարկները, հետո հստակ փաստերի հիման վրա որոշում կկայացնենք»,- ասել է շրջակա միջավայրի եւ էկոնոմիկայի նախարարությունների խոսնակը՝ հավելելով, որ նոր գնահատման արդյունքները սպասվում են մի քանի շաբաթից։





























