Ֆրանսիայի կառավարությունը մեկ բաժնեթղթի համար 12 եվրո է առաջարկում, որպեսզի EDF-ի լիակատար վերահսկողություն ստանա, 9,7 մլրդ եվրոյով այն գնելու առաջարկի շրջանակում, ինչը նրան գործողությունների լիակատար ազատություն կտա ատոմային էներգետիկ կոնցեռնի կառավարման գործում, տեղեկացրել է Reuters-ը։
Ֆինանսների նախարարությունը երեքշաբթի հայտարարել է, որ գինը 53 տոկոսանոց հավելում է բաժնեթղթի գնի վրա՝ հուլիսի 5-ի աճուրդների փակման պահին, մեկ օր այն բանից առաջ, երբ կառավարությունը հայտարարել էր, որ մտադիր է լիովին ազգայնացնել Եվրոպայում ամենախոշոր ատոմային էներգետիկայի օպերատորը։
Պետությանն արդեն պատկանում է EDF-ի 84 տոկոսը, որը պայքարում է չպլանավորված անջատումների, ինչպես նաեւ էլեկտրաէներգիայի սակագների սահմանափակումների դեմ, որոնք մտցրել է կառավարությունը ֆրանսիական սպառողներին էլեկտրաէներգիայի գների կտրուկ աճից պաշտպանելու համար։
Պատերազմն Ուկրաինայում խորացրել է պարտքերի մեջ խրված ընկերության ճգնաժամը։
Մինչ Եվրոպան փորձում է ռուսական գազի այլընտրանք գտնել, Ֆրանսիան հայտարարել է, որ EDF-ի ազգայնացումը կբարձրացնի նրա էներգետիկ պաշարների անվտանգությունը։
Գների սրընթաց աճը բացասական ազդեցություն է գործել ամբողջ Եվրոպայում էներգակիրների մատակարարների վրա, եւ այս ամսվա սկզբին Գերմանիան Uniper-ին՝ ռուսական գազի իր ամենամեծ ներմուծողին օգնության ցուցաբեման միջոցներ է ձեռնարկել։
Ֆրանսիայի ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ գնելու մասին առաջարկը ֆոնդային բորսայի կարգավորողին կտրվի սեպտեմբերի սկզբին։ Ֆինանսների նախարարության աղբյուրի համաձայն՝ Ֆրանսիայի կառավարությունը մտադիր է խմբի դելիստինգի գործընթացն ավարտել հոկտեմբերի վերջին։
Աղբյուրն ավելացրել է, որ պլանավորված ազգայնացումը Եվրահանձնաժողովի հավանությունը չի պահանջելու։
Ֆրանսիան, որը սովորաբար արտահանում է էլեկտրաէներգիա տարվա այս շրջանում, ներկայում ներմուծում է էլեկտրաէներգիա Իսպանիայից, Շվեյցարիայից, Գերմանիայից եւ Մեծ Բրիտանիայից, եւ առաջարկի դեֆիցիտը, հավանաբար, կմեծանա այս ձմռանը։
«Ազգայնացումը ընկերությունը փրկելու եւ էլեկտրաէներգիայի արտադրությունն ապահովելու միակ միջոցն է»,- ասել է Deka Investment-ի (որը ոչ մեծ բաժին ունի EDF-ում) կայուն զարգացման եւ կորպորատիվ կառավարման բաժնի ղեկավար Ինգո Սփեյչը։ «Սա դառը, բայց անհրաժեշտ քայլ է»։





























