ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման օգոստոսի 18-ին արձակուրդ է մեկնում: Նա մոտակա 10 օրը կանցկացնի իր հարազատների հետ, հաղորդում է Associated Press-ը:
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս Օբամա զույգը կհանգստանա «Բլյու հերոն» («Կապույտ ձկնկուլ») կալվածքում` Մասաչուսեթս նահանգից 7 կմ հեռավորության վրա գտնվող Մարտաս-Վինյարդ (Martha`s Vineyard) կղզու վրա:
Ամերիկյան լրատվամիջոցներն տարակուսանք են հայտնում, թե արդյոք վտանգավոր չէ՞, որ նախագահը արձակուրդ է գնում երկրի համար այդքան դժվար պահին:
Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին հավաստիացրել է, որ նույնիսկ արձակուրդում գտնվելիս Բարաք Օբաման չի պատրաստվում թողնել «նախագահությունը»: «Նման հասկացություն, ինչպիսին է նախագահի արձակուրդը, պարզապես գոյություն չունի: Նա գտնվելու է մշտական կապի մեջ եւ ստանալու է ազգային անվտանգության խորհրդականների կանոնավոր հաշվետվությունները, նաեւ տեղեկություններ իր տնտեսական խմբից»,-հայտնել է նա` հավելելով, որ կալվածքը գտնվում է Վաշինգտոնից ոչ հեռու, այնպես որ անհրաժեշտության դեպքում նախագահը կարող է արագ վերադառնալ:
Նշենք, որ այս տարի ոչ բոլոր ղեկավարներին է հաջողվել հանգստանալ: Այսպես, Մեծ Բրիտանիայի վարչապետն արձակուրդից վաղաժամ էր վերադարձել` երկրում սկսված անկարգությունների պատճառով: Իսկ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Միջերկրական ծովի վրա իր արձակուրդն ավարտել էր ժամանակից շուտ` վախենալով, որ իր երկրի վարկային վարկանիշը կարող է իջնել:




























