Մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ», «Երիտասարդական», «Մարշալ Բաղրամյան», «Բարեկամություն» կայարաններում տեխզննման աշխատանքներն ավարտվել են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Տաթեւ Խաչատրյանը։
«Այս կայարաններում ռումբ չի հայտնաբերվել, սակայն դրանք դեռեւս չեն բացվի։ Մնացած կայարաններում սակրավորական աշխատանքները շարունակվում են, բոլոր կայարանների մուտքերը կբացվեն զուգահեռաբար»,- նշեց Խաչատրյանը։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հուլիսի 20-ին՝ ժամը 12։57-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:
Ժամը 13։30-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենի աշխատանքները դադարեցվել են։ Ուղևորներն ու աշխատակազմը տարահանվել են։





























