Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան դրամատիկական թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Ռոբերտ Ստուրուան, ով Վրաստանի իշխանությունների որոշմամբ ազատվել էր աշխատանքից, «այլատյաց հայտարարությունների» համար, հարցազրույց է տվել «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթին:
Թերթի հետ զրույցում նա հերքել է Վրաստանի իշխանությունների մեղադրանքները: Ինչ վերաբերում է իր հնչեցրած «Ամերիկայի կողմից նշանակված» «հայ Սահակաշվիլի» խոսքերին, ապա Ստուրուան ասել է, որ իրեն ճիշտ չեն հասկացել: Այդ կապակցությամբ նա հիշել է Կաննի փառատոնում ռեժիսեչ Լարս ֆոն Թրիերի հետ պատահած սկանդալային պատմությունը: «Նա կիսով չափ հայ է, եւ ես ասացի, որ, օրինակի համար, եթե որոշվի սահմանների ու տարածքների հարցը, ապա քո արյունը միեւնույն է քո ազգի կողմից է լինելու: Ուզում է, թե չի ուզում մարդը` այդպես է»,- ասել է Սթուրուան:
«Ասյօրվա դրությամբ Թբիլիսին այնպիսի ինտերնացիոնալ քաղաք է, ինչպիսին չկա որեւէ այլ տեղ: Այստեղ 100 մետր տարածքում կան մզկիթներ, հայկական, վրացական եկեղեցիներ եւ սինագոգ... Այնպես որ, իմ կողմից որեւէ նացիոնալիզմի մասին խոսք լինել չի կարող: Այդ պատճառով էլ ես բացատրություն եմ տալիս»,- ասել է ռեժիսորը:
Ստուրուան նաեւ տեղեկացրել է, որ դեռ մեկ շաբաթ լինելու է Թբիլիսիում, որպեսզի ավարտի կիսատ գործերը, այնուհետեւ կգնա Փոթի, որտեղ կհանգստանա իր տանը: Այնուհետեւ, ամենայն հավանականությամբ, կընդունի Ռուսաստանի Թատերական գործիչների միության նախագահ Ալեքսանդր Կալյագինի առաջարկը, եւ կդառնա նրա Et Cetera թատրոնի գլխավոր ռեժիսորը:




























