Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւը Ռիադում հանդիպել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ բն Սալմանի հետ եւ մասնակցել սաուդցի գործարարների հետ հանդիպմանը։ Այս մասին հայտնում է Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքը եւ հավելում, որ գործարարների հետ հանդիպման ընթացքում Տոկաեւն առաջարկել է հետազոտել եւ զարգացնել 60-ից ավելի թանկարժեք և գունավոր մետաղների հանքավայրեր:

«Ղազախստանը վոլֆրամի պաշարներով աշխարհում առաջին տեղում է եւ երկրորդը՝ ուրանի եւ քրոմի պաշարներով, ինչպես նաեւ մանգանով, արծաթով, ցինկով եւ կապարով ամենահարուստ երկրների հնգյակում է։ Այս պաշարները պետք է ուսումնասիրվեն եւ զարգանան։ Հաշվի առնելով մեր հարեւանությունը Չինաստանի եւ Հարավային Ասիայի ծաղկող շուկաների հետ՝ սա իսկապես մեծ ներդրումային հնարավորություն է: Այսօր մենք կարող ենք թանկարժեք եւ գունավոր մետաղների ավելի քան 60 հանքավայրեր առաջարկել՝ հետազոտության եւ զարգացման նպատակով»,- ասել է Տոկաեւը։

Նա նշել է անեւ, որ, ըստ վերլուծության, Ղազախստանը կարող է տարեկան մոտ 400 միլիոն դոլար արժողությամբ ավելի քան 100 տեսակի ապրանքներ առաջարկել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ճարտարագիտությունը, երկաթի եւ պողպատի արտադրությունը, ինչպես նաեւ սննդի արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը: