Միացյալ Նահանգների Ֆինանսների նախարար Ջանեթ Յելենն ասել է, որ ԱՄՆ-ի տնտեսական աճը դանդաղում է եւ խոստովանել է, որ ռեցեսիայի վտանգ կա, սակայն անկումն անխուսափելի չէ, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:
Յելենն ասել է, որ ԱՄՆ-ի զբաղվածության եւ սպառողական ծախսերի ուժեղ ցուցանիշները ցույց են տալիս, որ ԱՄՆ տնտեսությունը ներկայումս ռեցեսիայի մեջ չէ: Հունիսից ի վեր ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը չի ավելացել՝ մնալով 3,6 տոկոս, իսկ զբաղվածությունը ամսական 350 հազարից ավել նոր աշխատատեղերով:
«Սա ռեցեսիայի մեջ գտնվող տնտեսություն չէ, սակայն մենք գտնվում ենք անցումային շրջանում, երբ տնտեսական աճը դանդաղում է, եւ դա անհրաժեշտ է ու տեղին»,- ասել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը։
Նա նշել է, որ գնաճը բարձր մակարդակի վրա է, սակայն տոկոսադրույքի բարձրացումը օգնել է զսպել թռիչքային աճը: Բացի այդ, Բայդենի վարչակազմը նավթ է վաճառում Ռազմավարական նավթային պաշարից, որը, ըստ նախարարի, արդեն օգնել է նվազեցնել բենզինի գները:
Յելենը հույս ունի, որ Կենտրոնական բանկը կարող է բավականաչափ նպաստել գնիջեցմանը՝ առանց տնտեսական լուրջ անկում առաջացնելու:
Առաջին եռամսյակում ԱՄՆ ՀՆԱ-ն տարեկան կտրվածքով կրճատվել է 1,6 տոկոսով, իսկ երկրորդ եռամսյակում ակնկալվում է, որ երկրորդ եռամսյակում աճն ավելի քիչ կլինի: Այնուամենայնիվ, ինչպես ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարն է կարծում, եթե նույնիսկ երկրորդ եռամսյակի ցուցանիշը բացասական լիներ, դա անկման նշան չէր լինի՝ հաշվի առնելով աշխատաշուկայի հզորությունը եւ մեծ պահանջարկը:





























