Հունգարացիները խառնակազմ ռասա չեն, եւ մենք չենք ցանկանում դառնալ խառնակազմ ռասա։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի այս հայտարարությունը դժգոհություն է առաջացրել երկրում։
Daily News Hungary-ի հաղորդմամբ՝ որոշ ընդդիմադիր քաղաքական գործիչներ ասել են, որ սա ընդամենը փորձ է՝ շեղելու հասարակության ուշադրությունը կառավարության ֆինանսական սահմանափակումներից։
«Մենք՝ հունգարացիներս, չենք ցանկանում դառնալ խառնակազմ ռասա։ Հունգարացիները կանգնեցրեցին Օսմանյան կայսրությանը Նանդորֆեհերվարի (1456) եւ Վիեննայի (1683) պարիսպների մոտ: Ֆրանսիացիները 732 թվականին Պուատիեի մարտադաշտում կասեցրին արաբների արշավանքը․․․Այսօր իսլամական քաղաքակրթությունը շարժվում է դեպի Եվրոպա։ Այնուամենայնիվ, նրանք խոստովանեցին, որ Հունգարիայով անցնող երթուղին հարմար չէ «իրենց ժողովրդին» Եվրոպա ուղարկելու համար՝ պայմանավորված Նանդորֆեհերվարի ավանդույթներով։ Այսպիսով, նրանք գալիս են հարավից:
Ապագա սերունդները պետք է պատրաստ լինեն կանխելու իսլամական քաղաքակրթության ընդլայնումը դեպի Եվրոպա ոչ միայն հարավից, այլեւ արեւմուտքից»,-ասել է նա։





























