Մոլորակի ամեն երրորդ բնակիչը 2100-ական թվականներին աֆրիկացի կլինի: Նման կանխատեսում է արվել Ֆրանսիայի ժողովրդագրական հետազոտությունների ազգային ինստիտուտի կողմից (INED) հրապարկված զեկույցում: Բացի այդ, հեղինակները հայտարարում են, որ արդեն ընթացիկ տարում երկրի բնակչությունը կհատի 7 միլիարդի սահմանը, իսկ 100 տարի անց մոլորակի վրա կբնակվի 9-10 մլրդ մարդ:
Ֆրանսիացի գիտնականները եկել են այն եզրահանգման, որ երկրագնդի բնակչության թվաքանակի փոփոխության տեմպը 2011թ. կկազմի մոտ 1%: Նշվում է, որ 50 տարի առաջ այդ ցուցանիշը կազմել է 2%. «Նվազումը պայմանավորված է ծնելիության միջին վիճակագրական ցուցանիշի կրճատմամբ: Այսօր մեկ կնոջն ընկնում է 2,5 երեխա, իսկ 1950 թ-ին` հինգ», - ասվում է զեկույցում:
Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ- ՏԱՍՍ-ը, Աֆրիկայում ակտիվ ժողովրդագրական պրոցեսների հետեւանքով ակնկալվում է, որ 2100-ական թվականներին մոլորակի յուրաքանչյուր երրորդ բնակիչն աֆրիկացի կլինի: Բնակչության թվի մեծ աճ է սպասվում Սահարայից հարավ ընկած պետություններում. 2000թ-ի 600 մլն դիմաց բնակչությունն այնտեղ 2100-ականներին կկազմի 3,4 մլրդ մարդ:



























