Էստոնիայի Խարյուսկի շրջանային դատարանը օգոստոսի 18-ին փակել է Կարենի Դրամբյանի դեմ հարուցված գործը` ոչ սթափ վիճակում հասարակական վայրում զենքով հայտնվելու փաստի վերաբերյալ:

Որոշումն ընդունվել է Կարեն Դրամբյանի մահվան կապակցությամբ:

Դրամբյանը գրավել էր ոստիկանության ուշադրությունը 2011 թ. մայիսի 11-ին, երբ հարբած, զենքը ձեռքին քայլել էր Թալինում` Լիյվալայա փողոցով: Ոստիկանությունը նրան տուգանել էր, ինչը նա բողոքարկել էր դատարանում: Այդ պատճառով գարնանը ոստիկանությունը հնարավորություն չէր ունեցել կասեցնել կամ չեղյալ հայտարարել զենք կրելու նրա երաշխավորագիրը, հաղորդում է ERR.ee-ն:

Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին Էստոնիայի քաղաքացի Կարեն Դրամբյանը ներխուժել էր պաշտպանության նախարարություն եւ կրակ բացել: Նա որեւէ պահանջ չէր ներկայացրել, իսկ փոխհրաձգության ժամանակ զոհվել էր: Շենքում գտնվող անձանցից ոչ ոք չէր տուժել: Փաստի առիթով քրեական գործ է հարուցվել: Հետաքննությունն իրականացնում են անվտանգության ոստիկանությունն ու Հյուսիսային շրջանային դատախազությունը:

Դրամբյանը ծնվել է Հայաստանում, ապա 90-ականների սկզբին տեղափոխվել է Էստոնիա եւ քաղաքացիություն ստացել: Նա իրավաբան էր, իսկ 2009-ին առաջադրվել էր Մաարդուի քաղաքային խորհրդի կազմում, սակայն ապարդյուն:

Նշվում է, որ նման քայլի նա կարող էր գնալ նաեւ անձնական պատճառներով, նա հիվանդ էր, անձնական ողբերգություն էր ապրել, զրկվել էր իրավաբանական պրակտիկայից, քանի որ էստոներենի իմացության տեղեկանք չուներ:

Դրամբյանի ընկեր եւ կուսակից Անատոլի Եգորովը հայտնել էր, որ նա գնացել է ահաբեկչության Էստոնիայի վարած հակառուսական քաղաքականության պատճառով: Եգորովն ասել է, թե Դրամբյանն արդարության սրացած զգացում ուներ, կտրականապես դեմ էր ազգայնականությանը: