ՀՌԱԿ նորընտիր ատենապետ Հարություն Առաքելյանն անհայտ անհատներից վերցրած գումարներով կազմակերպել է բանակումներ սփյուռքի հարյուրավոր երիտասարդների մասնակցությամբ` «Ուխտագնացություն դեպի հայրենիք» նշանաբանով, որի համար ծախսել է 32 հազար դոլար:
Ինչպես նաեւ, երեք անգամ Օպերայի ազգային թատրոնի բալետի սրահում շուրջ 2 հազար մասնակիցների ներկայությամբ կազմակերպել է մշակութային միջոցառումներ, որոնք արժեցել են 50 հազար դոլարից ավելի գումար:
Նրա ներդրումներն այսօր` օգոստոսի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանն ներկայացվեց «Ի պաշտպանություն Հարություն Առաքելյանի» վերտառությամբ փաստաթղթում, որը բաժանվեց լրագրողներին:
Այդ փաստաթղթում խոսվում էր Առաքելյանի նման «ազնիվ, համեստ եւ գործին նվիրված անձնավորության մասին» եւ անդրադարձ կատարվում նրա ներդրումային գործունեությանը: «Այս ամենը նա կազմակերպում էր` ՀՌԱԿ ընկերներից որեւիցե մեկին նեղություն չպատճառելով: Ումից պահանջեց կամ խնդրեց կամ նվաստացավ, միայն ընկեր Առաքլեյանը գիտի»,- նշված է փաստաթղթում եւ այդպես շարունակվում է ներկայացվել նրա ներդրումները:
NEWS.am-ի հարցին, թե որտեղից Հարություն Առաքելյանին նման գումարներ, նա պատասխանեց. «Դրանք իմ գումարները չեն, գնացել եմ, խնդրել եմ, թե նվաստացել եմ, դա իմ գործն է»,- նշեց նա` հավելելով, որ ինքը այդ մասին մեզ պատմելու ոչ ցանկություն ունի, ոչ էլ իմաստ է տեսնում:
«Անհատներ են, ովքեր, հարգելով ինձ, նվիրատվություն են անում, բայց չեն ուզում, որ իրենց անունը ի հայտ գա, դրանք իմ գումարները չեն: Բայց որ մեր կուսակցության ներսում մեր ընկերներից ոչ մեկին նեղություն չեն տվել, դրա հետ համաձայն եմ»,- նշեց Առաքելյանը:
ՀՌԱԿ նորանշանակ ատենապետը նշեց նաեւ, որ ինքը համաձայն չէր նման փաստաթուղթ տարածելուն, բայց «դե գոնե մեկ անգամ ստիպված էր չուզենալով կատարել Հանրապետական վարչության իրեն տրված առաջադրանքը»:




























