Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանը չեղյալ է հայտարարել ԱՄՆ մեկնելու եւ այդ երկրի նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպման պլանները, հայտնում է New York Times-ը։ Ինչպես հայտնել է Ճապոնիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Յուկիո Էդանոն, այցն անհնար է դարձել երկրում առկա իրավիճակի պատճառով։ Ոչ պաշտոնական տվյալներով, իշխող Դեմոկրատական կուսակցությունը պատրաստվում է հաջորդ շաբաթ տապալել Նաոտո Կանին եւ նրան փոխարինողի ընտրություններ անցկացնել։

Վարչապետի աճող հեղինակազրկումը կարող է պայմանավորված լինել «Ֆուկուսիմա» ԱԷԿ-ի աղետի եւ ցունամիի հետեւանքները վերացնելու հետ կապված անգործությամբ։

Ի պատասխան քննադատության՝ Նաոտո Կանը խոստացել է հեռանալ մի շարք օրինագծերի ընդունումից հետո, որոնք կխթանեն էկոլոգիապես մաքուր էներգետիկան եւ երկրի՝ ցունամիից տուժած հյուսիսարեւելյան հատվածի ֆինանասավորումը։