Չինաստանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «գին կվճարի», եթե Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին այցելի Թայվան Ասիա շրջագայության շրջանակում։

«Ամերիկյան կողմը պատասխանատվություն կկրի եւ կվճարի Չինաստանի ինքնիշխան անվտանգության շահերի խափանման համար»,- ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյինը Պեկինում մամուլի համար տրված հերթական ճեպազրույցում։

Ամերիկյան պաշտոնատար անձինք հաճախ են զգուշավոր այցելություններ կատարում Թայվան, որպեսզի ցուցադրեն իրենց աջակցությունը, բայց Փելոսին ավելի նկատելի հյուր կլինի, քան որեւէ մեկը նորագույն պատմությունում։

Նրա հնարավոր այցի մասին տեղեկությունները հանգեցրել են լարվածության աճի ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ։

Անցած շաբաթ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցում Չինաստանի նախագահ Սի Ծինփինը զգուշացրել է Միացյալ Նահանգներին՝ «չխաղալ կրակի հետ»։

ՄԱԿ-ում Չինաստանի դեսպան Չժան Հունն ասել է, որ այդ այցը «շատ վտանգավոր, շատ սադրիչ կլինի»։

Փելոսին երեքշաբթի մեկնել է Կուալա Լումպուր՝ հանդիպելու վարչապետի եւ խորհրդարանի ստորին պալատի խոսնակի հետ, տեղեկացրել է Մալայզիայի Bernama պետական տեղեկատվական գործակալությունը։

Սինգապուրից եւ Մալայզիայից հետո նրա երթուղին ներառում է կանգառներ Հարավային Կորեայում եւ Ճապոնիայում, բայց Թայվան այցի հեռանկարը ուշադրության կենտրոնում է։

Թայբեյը լռություն է պահպանել Փելոսիի այցի հետ կապված։

Վարչապետ Սու Ցզեն-Չանը հաստատական պատասխան չի տվելել լրագրողների հարցին երեքշաբթի կայանալիք այցելության մասին, բայց շնորհակալություն է հայտնել Փելոսիին աջակցության համար։

Թայվանյան մի քանի լրատվամիջոցներ հրապարակել են խորհրդարանի փոխխոսնակ Ցայ Չի-Չանի մեկնաբանություններն այն մասին, որ «շատ հավանական է», որ Փելոսին այցելի առաջիկա օրերին։

Իսկ Liberty Times թերթը, հղում կատարելով անունը չնշած աղբյուրներին, տեղեկացրել է, որ Փելոսին վայրէջք կկատարի երեքշաբթի երեկոյան, հաջորդ օրը կհանդիպի նախագահ Ցայ Ինվենի հետ եւ կղզուց կհեռանա ցերեկը։