Թբիլիսիի քաղաքային դատարանը դատավճիռ է կայացրել Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեի ամուսնու՝ Վրաստանի սահմանային ոստիկանության նախկին ղեկավար Բադրի Բիցաձեի նկատմամբ։
Բիցաձեին, ում մեղադրել են այն բանում, որ նա Թբիլիսիում վերջերս կայացած հանրահավաքների ժամանակ կազմակերպել է ընդդիմադիրների հարձակումը ոստիկանների վրա, դատապարտել են հինգուկես տարվա ազատազրկման։
Վճիռը կայացվել է հեռակա կարգով։ Իրավապահների կարծիքով, նա արդեն լքել է Վրաստանի տարածքը։ Հուլիսի վերջին Բուրջանաձեն հայտնել էր, որ Բիցաձեն մտադիր է քաղաքական ապաստան խնդրել արտասահմանյան երկրներից մեկից։
Հիշեցնենք, որ բողոքի ակցիաները Թբիլիսիում տեղի էին ունեցել մայիսի 21-ից 26-ը։ Հանրահավաքների կազմակերպիչները իշխանափոխություն էին պահանջում եւ հեղափոխության կոչ անում։




























