Հայաստանի քաղաքական գործիչները բրիտանական դեսպանությունն արդեն անվանել են «սիրո դեսպանություն», գրում է լոնդոնյան Daily Mail պարբերականը` անդրադառնալով Ջոնաթան Էյվս – Քեթրին Լիչ ամուսնական զույգին Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպաններ նշանակելու որոշմանը: Նրանք հաջորդաբար, չորս ամիսը մեկ կղեկավարեն դիվանագիտական ներկայացուցչությունը Երեւանում:
Նշանակման հակառակորդները կարծում են, որ այդ քայլով Բրիտանիան ոչ բավարար լուրջ վերաբերմունք է դրսեւորում Հայաստանի նկատմամբ, իսկ «սիրո դեսպանություն» անվանումն ի հայտ եկավ, երբ ներկա դեսպան Չարլս Լոնսդեյլն ամուսնացավ հայ աշխատակցուհիներից մեկի հետ:
Հայաստանի նախկին փոխարտգործնախարար Արման Նավասարդյանը «չի հասկանում, թե ինչու պետք է Հայաստանի նկատմամբ այդպիսի վերաբերմունք դրսեւորվի»:
«Դեսպանը, սովորաբար, առաջին երկու տարիների ընթացքում ծանոթանում է երկրի հետ, եւ միայն երրորդ տարվանից նրա գործունեությունը սկսում է զգալի արդյունք տալ: Այստեղ նոր դեսպան կլինի չորս ամսով, հետո` նրա ամուսինը», – տարակուսած արձագանքում է Արման Նավասարդյանը:
Հայաստանից բացի միակ երկիրը, որտեղ Բրիտանիան նույնպես ներկայացված է ընտանեկական զույգով` Զամբիան է:
Էյվսն ու Լիչը կարծում են, որ համատեղ աշխատանքն ավելի արդյունավետ կլինի. Դեսպանները կիրազեկեն միմյանց նոր զարգացումների մասին: Բրիտանիայի ԱԳՆ մամուլի քարտուղարը նշել է, որ այդպիսի «ժամանակակից մեթոդը թույլ է տալիս դիվանագիտական առաքելությունից առավելագույն արդյունավետություն քաղել»:
«Մեթոդը շահավետ է նաեւ հարկատուների համար, քանի որ կրճատվում են ճանապարհորդությունների ծախսերը», – ավելացրել է բրիտանական ԱԳՆ-ի ներկայացուցիչը:




























