Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն օգոստոսի 22-ին դատարան նոր սանրվածքով է հայտնվել եւ կրկին պահանջել, որ իր մոտ թողնեն իր անձնական բժշկին։ Նրան մերժել են ինչպես լրացուցիչ ժամկետում գործի նյութերի հետ ծանոթանալու, այնպես էլ անձնական բժշկի հետ հանդիպելու հարցում, հայտնում է «Դնի.ru»-ն։

Տիմոշենկոն ապացույցներ ներկայացնելու համար միջնորդություն է ներկայացրել երեք-չորս օրով դադար տալ դատական ընթացքին։  Комментарии.Ua-ի տեղեկացմամբ, դատարանը, սակայն, մերժել է նաեւ այդ միջնորդությունը:

Օգոստոսի 18-ին Յուլիա Տիմոշենկոն հայտնել էր, որ իր մոտ անհայտ հիվանդության ախտանշաններ է հայտնաբերել։ Նա մերժել էր բժշկական օգնությունը՝ նշելով. «Իմանալով՝ ում հետ գործ ունեմ եւ ինչի է ընդունակ մեր իշխանությունը՝ ես երբեք չեմ համաձայնի ընդունել Յանուկովիչի ուղարկած մարդկանց»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի դեմ քրեական գործի քննությունը Կիեւում սկսվել էր հունիսի 24-ին։ Նրան մեղադրում են 2009 թվականին Ռուսաստանի հետ գազամատակարարման մասին պայմանագրի ստորգրման ժամանակ պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեջ։