Զինված ուժերում խաղաղ պայմաններում զոհված Արայիկ Ավետիսյանի, Տիգրան Օհանջանյանի, Գեղամ Սերգոյանի, Վալերիկ Մուրադյանի եւ Արտակ Նազարյանի հարազատները բաց նամակ են հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին:

Նամակում, մասնավորապես ասված է.

«2011 թ. հունվարի 27-ին մեզ հետ ունեցած հանդիպման ժամանակ Դուք, պարոն նախագահ, մեզ ներկայացաք որպես օրենքի եւ Սահմանադրության պաշտպան եւ խոստացաք հետամուտ լինել մեր որդիների սպանությունների գործերի բացահայտմանը:

Այդ հանդիպումից անցել է մոտ 7 ամիս, սակայն 5 քրեական գործերից ոչ մեկը չի բացահայտվել, եւ մարդասպանները չեն պատժվել:

Զինվորական գլխավոր դատախազն ընդունում է, որ իր ենթակայության տակ գործող քննիչները, դատախազի օգնականներն ու զինդատախազները մեր որդիների քրեական գործերում թույլ են տվել մեծ եւ փոքր հանցանքներ ու զանցանքներ, սակայն հրաժարվում է որեւէ պատժամիջոց կիրառել նրանց նկատմամբ կամ քրեական պատասխանատվության ենթարկել:

Փաստորեն, Դուք մեզ հուսախաբ արեցիք եւ Ձեր խոստումն ու պարտքը չկատարեցիք:

Ցավով պետք է նշենք մեր համոզմունքը, որ նման անօրինականության եւ անտարբերության պայմաններում Հայոց բանակում զինծառայողների սպանությունները շարունակական բնույթ են կրելու»:

Նամակը ստորագրել են Անահիտ Մկրտչյանը, Ռոբերտ Միրզոյանը, Սուրեն Օհանջանյանը, Նանա Մուրադյանն ու Հասմիկ Հովհաննիսյանը: