«Շահում ես դու, շահում է պետությունը»: Այս կարգախոսը մոտ 3 ամիս այլեւս արդիական չի լինելու։ Կառավարությունը որոշում է ընդունել ՀԴՄ կտրոններով բոնուսների վճարումը ժամանակավորապես դադարեցնելու վերաբերյալ: 4-րդ եռամսյակի, այսինքն՝ հոկտեմբեր, նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսներին ՀԴՄ կտրոնների համար քաղաքացիներն այլեւս բոնուս չեն ստանալու:
Բոնուսներ այլեւս չեն տրամադրվելու, սակայն մետրոյի վագոններում եւ կանգառներում տեղադրված մոնիտորներով դեռ գովազդվում է «Շահող կտրոնը»։
Պետեկամուների կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նելլի Մանուչարյանի խոսքով՝ գովազդը շարունակվում է, որովհետեւ դեռ տրամադրվում են նախորդ եռամսյակի շահող կտրոնների բոնուսները.
«Այս պահին մենք տալիս ենք 3-րդ եռամսյակի գումարները, դրա համար դեռեւս գովազդվում է։ Զուտ այն նպատակով է գովազդը շարունակվում, որ մարդիկ իմանան՝ օգոստոս եւ սեպտեմբեր ամիսների բոնուսները մինչեւ դեկտեմբեր կարող են գալ ստանալ։ Գովազդը շարունակվում է, որովհետեւ մարդիկ, ովքեր հավաքել են կտրոնները, չգիտեն կամ մտածում են, թե արդեն իսկ չեն կարող ստանալ, տեղյակ լինեն, որ կարող են գալ եւ ստանալ»,- նշեց նա։
Գովազդի առնչությամբ Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Նինել Վարդանյանն էլ նշեց. «Յուրաքանչյուր քաղաքացի, ով ապրում է այս երկրում, հասկանում է, որ գովազդվում է այն, ինչ մարդիկ պետք է ձեռք բերեն։ Բոլորն էլ գիտեն, որ դա 4-րդ եռամսյակի հետ կապ ունենալ չի կարող»։
Մինչդեռ, հարկ ենք համարում նշել, որ գովազդները չեն թարմացվել, ոչ էլ հայտնվում է, որ գովազդը միայն 3-րդ եռամսյակի մասին է. Հրանտ Թոխատյանը նախկինի պես շարունակում է քաղաքացիներին համոզել վերցնել ՀԴՄ կտրոններն ու ստանալ բոնուսները:




























