Թերթի տեղեկություններով, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել: Նախագահականին մոտ կանգնած թերթի աղբյուրները նշում են, որ Խաչատրյանի պաշտոնանկության հրամանագիրը երեկ երեկոյան դրվել է Սերժ Սարգսյանի սեղանին: Մեծ հավանականությամբ այն ստորագրվել է, եւ չի բացառվում` այսօր հրապարակվի: ՊԵԿ նախագահի պաշտոնանկության մասին լուրը չեն հերքել նաեւ նրա տեղակալները` Ռուբեն Քոչարյանն ու Արմեն Ալավերդյանը: Իսկ ՊԵԿ մամուլի քարտուղարը երեկ երեկոյան անհասանելի էր:
Դեռեւս օգոստոսի սկզբին թերթը գրել էր, որ Գագիկ Խաչատրյանն արձակուրդ է մեկնել եւ վերադառնալուց հետո հրաժարական է ներկայացնելու: Օգոստոսի 5-ից նա գտնվում էր արձակուրդում, որն ավարտվել է օգոստոսի 20-ին:
Երեկ ուշ երեկոյան ՊԵԿ նախագահի պաշտոնանկության լուրը չհերքեց նաեւ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը: Թերթի հարցին, թե ճիշտ է արդյոք, որ Սերժ Սարգսյանը Խաչատրյանին պաշտոնանկ անելու մասին հրամանագիր է ստորագրել, Արզումանյանն ասաց. «Նախագահի հրամանագրերը հրապարակվում են պատշաճ ժամկետներում»:




























