Իշխող կոալիցիայի կազմած փաստաթուղթն ավելի լավն է, քան Հայ ազգային կոնգրեսինը։ Օգոստոսի 23-ին՝ իշխանություն-ընդդիմություն երկխոսության հերթական ռաունդի ավարտին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը։
«Այսօր կայացած հանդիպման ժամանակ կոալիցիան 2/3-ով ներկայացրեց փաստաթղթի իր տարբերակը։ Այդ փաստաթուղթն, իմ կարծիքով, ավելի լավն է, քան ՀԱԿ նմանատիպ փաստաթուղթը։ Ինչո՞ւ։ Քանի որ ավելի լավ է հիմնավորում արտահերթ ընտրությունների մեր գաղափարը»,-հայտարարեց Լեւոն Զուրաբյանը։ Փաստաթղթի էության գնահատականները նա գերադասեց թողնել մինչեւ դրա վերջնական ներկայացումը։
Նշենք, որ կոալիցիայի 130-էջանոց փաստաթղթում ներկայացված է երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՀԱԿ հայացքների պատասխան փաստարկումը։ ՀԱԿ-ի՝ 85 էջից բաղկացած փաստաթուղթը կոալիցիային ներկայացվել էր երկխոսության նախորդ ռաունդներից մեկի ժամանակ։
Երկխոսողների հաջորդ հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 26-ին՝ ժամը 10-ին։




























