Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանի նկատմամբ խափանման միջոցը կարճ ժամկետներում կփոխվի։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման համոզմունք հայտնեց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ոստիկանության աշխատակիցները օգոստոսի 9-ին բերման են ենթարկել ՀԱԿ 7 ակտիվիստների` Տիգրան Առաքելյանին, Սահակ Մուրադյանին, Արեգ Գեւորգյանին, Սարգիս Գեւորգյանին, Արտակ Կարապետյանին, Դավիթ Քիրամիջյանին եւ Վահագն Գեւորգյանին:

Հելսինկյան Ասոցիացիայի փոխանցմամբ, Կարապի լճի մոտ երիտասարդները մոտեցել են ՊՊԾ գնդի աշխատակիցներին, երբ վերջիններս ստուգելիս են եղել մի քանի անցորդների: Երիտասարդները պահանջել են հիմնավորել իրենց գործողությունները, որից հետո էլ հենց ոստիկանները բռնություն են գործադրել եւ ծեծի ենթարկել երիտասարդներին: ՀԱԿ-ը ձերբակալություններն անհիմն է համարում։

«Մենք վստահ ենք, որ Տիգրան Առաքելյանի նկատմամբ խափանման միջոցը կարճ ժամկետներում կփոխվի»,- հայտարարեց Զուրաբյանը։

Բանակցող խմբի կոալիցիոն ներկայացուցիչ, Հանրապետական կուսակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանն իր հերթին նկատեց, որ նշված հարցի վերաբերյալ կարելի է նշել միասնական մոտեցումների մասին։ «Մենք պայմանավորվել ենք չմիջամտել իրավական հարցերին:Իրավական համակարգը ոչ ընտրողական է գործել, եւ աշխատանքային խումբը վստահ է, որ նույն մոտեցումը կպահպանվի»,- ասաց նա։

Նշենք, որ ներկայումս անազատության մեջ է միայն Տիգրան Առաքելյանը, ում Վերաքննիչ քրեական դատարանը հրաժարվել է ազատ արձակել, իսկ մյուս ակտիվիստներին ազատ են արձակել ստորագրությամբ: