Օրերս Աբովյան փողոցի` գերակա շահ ճանաչված հատվածում հիմնովին քանդվել է «Միլանո» խանութի եռահարկ շենքը: NEWS.am-ն անդրադարձել էր այդ միջադեպին եւ «Միլանո»-ի սեփականատիրոջ հայտարարությանը:
NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով «Միլանո» խանութի հետ ստեղծված իրավիճակը, Երեւանի քաղաքապետարանից պարզաբանել են «Քաղաքաշինական ծրագիր իրականացնելու նպատակով «ԱՎՈ Ֆ.Մ.Հ.» ՍՊ ընկերությունը դիմել է Երեւանի քաղաքապետարան Աբովյան փողոցի թիվ 4 հասցեում գտնվող անշարժ գույքի քանդման թույլտվություն ստանալու խնդրանքով:
2011 թվականի օգոստոսի 18-ին ընկերությանը տրամադրվել է հ. 01/18-29347-90 քանդման թույլտվությունը, ինչի հիման վրա ընկերությունը նշված հասցեում իրականացնում է քանդման աշխատանքներ»:
«Հայաստանի կառավարության 2004 թվականի oգոuտոuի 5-ի հ. 1154-Ա եւ 2007 թվականի հունվարի 25-ի հ. 108-Ն որոշումներով ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել Երեւան քաղաքի վարչական սահմանում բացառիկ` գերակա շահին ուղղված քաղաքաշինական ծրագրի իրականացումը, որի մեջ ընդգրկված էր նաեւ Աբովյան 4 հասցեում գտնվող «Օլիմպ» արտադրական կոպերատիվին պատկանող անշարժ գույքը:
Նույն որոշումներով տվյալ տարածքում քաղաքաշինական ծրագիրը իրականացվել է տարածքի ձեռքբերող ճանաչված «ԱՎՈ Ֆ.Մ.Հ.» ՍՊ ընկերության կողմից: «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի /այսուհետ` Օրենք/ համաձայն գույքի սեփականատիրոջը արվել է առաջարկ գույքը համապատասխան փոխհատուցմամբ պետության կարիքների համար օտարելու մասին:
Նշված առաջարկը չի ընդունվել, ուստի կառուցապատող կազմակերպությունը 2007 թվականի փետրվարի 21-ին կատարել է գույքի վերագնահատում, որին ավելացվել է Օրենքով նախատեսված 15 տոկոս հավելումը եւ հայց է ներկայացվել դատարան` ընդհանուր 207 մլն 282 հազար 900 դրամ արժեքով պայմանագիր կնքելուն հարկադրելու եւ տարածքից վտարելու պահանջի մասին»,- ասված է հայտարարության մեջ:
Ըստ քաղաքապետարանի, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի վճռով կազմակերպության հայցը բավարարվել է, որը ՀՀ վճռաբեկ դատարանի որոշման կայացման պահից` 2009 թվականի դեկտեմբերի 9-ից մտել է օրինական ուժի մեջ: «Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2010թ. հոկտեմբերի 6-ի վճռով ճանաչվել է «ԱՎՈ Ֆ.Մ.Հ.» ՍՊ ընկերության սեփականության իրավունքը Երեւան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 4 հասցեում գտնվող, նախկինում «Օլիմպ» արտադրական կոպերատիվին պատկանող անշարժ գույքի նկատմամբ եւ «ԱՎՈ Ֆ.Մ.Հ.» ՍՊ ընկերությունը 2011թ. օգոստոսի 8-ին ստացել է անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2743103 վկայականը»:



























