Օգոստոսի 23-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ընդունել է «Հայկական ներկապնակ» նկարիչների միջազգային փառատոնի մասնակիցներին` ուղեկցությամբ Սերգո Երիցյանի եւ Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի:
Մայր Աթոռի տեսեկատվական կենտրոնից NEWS.am-ին հայտնեցին, որ, ողջունելով փառատոնի մասնակիցների այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին, Կաթողիկոսն իր գնահատանքն ու օրհնությունն է բերել կարեւոր այս նախաձեռնության կազմակերպիչներին: Ամենայն Հայոց Հայրապետը կարեւորեց նման միջոցառումների անցկացումը, որոնք զորացնում են ժողովուրդների միջեւ մշակութային կապերը` այդպիսով նպաստելով եղբայրության եւ համագործակցության առավել ամրապնդմանը:
Նորին Սրբությունը հույս է հայտնել, որ միջազգային այս փառատոնը շարունակական կդառնա` առիթ ընծայելով արվեստագետների նորանոր շփումների եւ փորձի արդյունավետ փոխանակման:
Հանդիպմանը նաեւ անդրադարձ է կատարվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարաններում պահվող գեղանկարներին, դրանց համալրման, ընտրության եւ ձեռք բերման սկզբունքներին: Նորին Սրբությունը նկարիչներին տեղեկացրել է նաեւ, որ առաջիկային Մայր Աթոռում իբրեւ պատկերասրահ կսկսի գործել Խրիմյան թանգարանը, ուր ցուցադրվելու են ինչպես Արշիլ Գորկու նկարները, այնպեսեւ ժամանակակից հայ նկարիչների ստեղծագործություններ:




























