Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Լիբիայի Բենղազի քաղաքում հանդիպել է Անցումային ազգային խորհրդի նախագահ Մուսթաֆա Աբդուլ Ջալիլի հետ, որից հետո կողմերը հանդես են եկել մամուլի ասուլիսով։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ վերջին մեկ ամսվա ընթացքում Բենղազի այցելած Ահմեդ Դավութօղլուն նշել է, թե շարոնակվելու է ՆԱՏՕ-ի աջակցությունը, մինչեւ Լիբիայում լիակատար խաղաղություն հաստատվի։ Դավութօղլուն շեշտել է, թե չի հավատում այն խոսակցություններին, թե Լիբիայի ընդդիմության ներսում առկա տարաձայնությունները կվերածվեն ընդհարման։
Լիբիայի անցումային ազգային խորհրդի նախագահ Մուսթաֆա Աբդուլ Ջալիլն իր հերթին շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ 300 մլն դոլար օգնության համար՝ շեշտելով, որ չնայած բյուրոկրատական արգելքներին, Թուրքիան այն իրագործում է։
Լրագրողներից մեկի հարցին, թե Քադաֆիի իշխանության օրոք պաշտոնավարած անձանց հետ ի՞նչ է լինելու, Մուսթաֆա Աբդուլ Ջալիլը նշել է, թե Քադաֆիի հետ աշխատած բոլոր պաշտոնյաները ենթարկվեն օրենքին։ «Ես նրա օրոք արդարադատության նախարար եմ աշխատել։ Ես էլ պետք է դատարանի առաջ կանգնեմ եւ հաշիվ տամ», -ասել է Լիբիայի Անցումային ազգային խորհրդի նախագահը։




























