Ձերբակալվել է լրագրող Աննա Պոլիտկովսկայայի սպանության կասկածյալը: Նա ոստիկանության պաշտոնաթող փոխգնդապետ Դմիտրի Պավլյուչենկովն է: Նրան շուտով պաշտոնապես մեղադրանք է առաջադրվելու: Այդ մասին հաղորդում է «Նովայա գազետան»` վկայակոչելով իրավապահ մարմինների իր աղբյուրը:
Հետաքննության տվյալներով, կասկածյալը ոստիկանության ստորաբաժանման գաղտնի աշխատակից լինելով` ստացել է Պոլիտկովսկայայի սպանության պատվերը, հանցագործ խմբավորում է ստեղծել, գաղտնի հետեւել է զոհին, իսկ վարձու մարդասպանին ատրճանակ եւ խլացուցիչ է տրամադրել:
Պավլյուչենկովը մասնակցել է Պոլիտկովսկայայի ապոնության հարցով առաջին դատական գործընթացին գաղտնի վկայի կարգավիճակով: «Նովայա Գազետայի» տվյալներով, փոխգնդապետը ցանկացել է շփոթության մեջ գցել հետաքննությանը: Պավլյուչենկովի վկայություններից ելնելով` հետաքննությունը քրեական գործ է հարուցել նրա նախկին ընկեր Սերգեյ Հաջիկուրբանովի դեմ, ում փոխգնդապետը մեղադրել է շորթման մեջ: «Նովայա Գազետան» ենթադրում է, որ խոսքը գնում է Պոլիտովսկայայի սպանության համար հատկացված փողերի մասին:
Պավլյուչենկովին անմիջապես սկսել են կասկածել սպանության մեջ, սակայն փաստական անհրաժեշտ հիմք չի եղել նրա ձերբակալման համար:
Lenta.ru-ն հիշեցնում է, որ Աննա Պոլիտկովսկայայի սպանությունը տեղի է ունեցել 2006 թ. հոկտեմբերի 7-ին: Լրագրողի սպանության հետաքննման առաջին փորձը անհաջողությամբ է ավարտվել: 2009 թ. փետրվարի 19-ին երդվյալ ատենակալների դատարանը արդարացրել է մեղադրյալներին: 2009 թ. օգոստոսի 5-ին նոր գործ է հարուցվել Պոլիտկովսկայայի սպանության առթիվ, որի ընթացքում նախկին արդարացված անձանցից մեկին կրկին մեղադրանք է ներկայացվել: 2011 թ. մայիսի 31-ին հայտնի է դարձել սպանության կասկածյալի` Ռուստամ Մահմուդովի ձերբակալման մասին:




























