Մեծ Բրիտանիայի հեռացող վարչապետ Բորիս Ջոնսոնը հինգշաբթի օրը խոստացել է 700 միլիոն ֆունտ սթեռլինգ (810 միլիոն դոլար) պետական ֆինանսավորում նախատեսվող նոր ատոմակայանի համար՝ Մեծ Բրիտանիայի էներգետիկ անվտանգության բարելավման ջանքերի շրջանակներում, հաղորդում է AP-ն:

Մեծ Բրիտանիայի վարչապետը նշել է, որ գազի համաշխարհային գների կտրուկ աճը ցույց է տվել, թե ինչու է Մեծ Բրիտանիային անհրաժեշտ միջուկային գեներացնող ավելի մեծ հզորություններ։

Sizewell C կոչվող ատոմակայանը գտնվում է արևելյան Անգլիայի Սաֆոլկի ափին։ Ֆրանսիական EDF էներգետիկ ընկերությունը, որը մասամբ կֆինանսավորի նախագիծը, ասել է, որ ծրագրի ավարտից հետո կկարողանա արտադրել ցածր ածխածնային էլեկտրաէներգիա առնվազն 60 տարում:

Հաղորդվում է, որ գործարանը կարժենա մոտ 20 միլիարդ ֆունտ (23 միլիարդ դոլար): Մեծ Բրիտանիայի կառավարությունը հուլիսին հավանություն է տվել կայանի կառուցմանը, եւ բանակցություններ են ընթանում նախագծի ֆինանսավորման համար։

«Այո, միջուկային էներգիայի կառուցումը եւ շահագործումը միշտ համեմատաբար թանկ է թվում: Բայց տեսեք, թե ինչ է կատարվում այսօր, տեսեք Պուտինի պատերազմի արդյունքները։ Այսօրվա ածխաջրածինների համեմատ, իհարկե, սա էժան է... Ես՝ մարդ, որը պատրաստվում է փոխանցել իշխանության ջահը, ձեզ մարգարեական անկեղծությամբ եւ պարզությամբ ասում եմ, որ պետք է կառուցել ատոմակայան, կառուցել մեծ կայան եւ կառուցել Sizewell C»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը:

Մեծ Բրիտանիան ցանկանում է նվազեցնել իր կախվածությունը նավթի եւ գազի ներմուծումից եւ արտադրել ավելի էժան ու մաքուր էներգիա երկրի ներսում:

Կառավարությունը հայտարարել է, որ մինչեւ 2030 թվականը Մեծ Բրիտանիայի էլեկտրաէներգիայի 95 տոկոսը կարտադրվի ցածր ածխածնային աղբյուրներից: