Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` օգոստոսի 24-ին ընդունել է շուրջերկրյա ճանապարհորդություն իրականացրած «Արմենիա» առագաստանավի անձնակազմին՝ գիտարշավի ղեկավար Զորի Բալայանի գլխավորությամբ:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ, ողջունելով հյուրերին կառավարությունում, վարչապետը շնորհավորել է ճանապարհորդությունն իրականացրած անձնակազմին՝  շրջագայության հաջող ավարտի կապակցությամբ: Վարչապետը նշել է, որ hետևել է առագաստանավի շրջագայության բոլոր փուլերին: «Ուրախ ենք, որ այն, ինչ ծրագրված էր, ի կատար է ածվել.  ունեցել եք բազմաթիվ հանդիպումներ հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ, այցելել աշխարհի բազմաթիվ երկրներում առկա հայկական պատմական մշակութային օջախներ, ինչը հնարավորություն է տալիս մեկ անգամ ևս վերաիմաստավորել ողջ աշխարհում մեր ժողովրդի կողմից ստեղծված հարուստ պատմական ժառանգությունը»:

Վարչապետի խոսքով՝ «Արմենիա» առագաստանավի անձնակազմն իր շրջագայությամբ ընդլայնել է հայկական աշխարհի աշխարհագրությունը՝ բացահայտելով մոռացված նոր անկյուններ, որտեղ դարեր շարունակ եղել է հայկական կյանք և ոգի: Վարչապետը հույս է հայտնել, որ շրջագայության մասնակիցները փաստավավերագրական նյութերի տեսքով կամփոփեն իրենց ուղևորության արդյունքները՝ հայ ժողովրդի պատմությունը շուրջերկրյա ճանապարհորդության միջոցով ապագա սերունդներին հաղորդելու համար:  

Զորի Բալայանը Տիգրան Սարգսյանին պատմել է նավարկության ընթացքի, իրենց հանդիպած փորձությունների, ինչպես նաև գիտարշավի նվաճումների մասին: Ըստ գիտարշավի ղեկավարի՝ ճանապարհորդությունը կարևոր նշանակություն է ունեցել, հատկապես, Սփյուռքում հայապահպանությանը նպաստելու, աշխարհում հայկական մշակութային արժեքների հաշվառման և փաստագրման գործում:  

«Արմենիա» առագաստանավն իր շուրջերկրյա ճանապարհորդությունն սկսել է  2009 թ. մայիսի 28-ից՝ Իսպանիայի Վալենսիա քաղաքից: Առագաստանավը հատել է 42 հազար մղոն, որը մոտ 82 հազար կմ է: