Ֆրանսիան պետք է կենտրոնանա անմիջական էներգետիկ խնդիրների լուծման վրա, քանի որ մոտենում է ձմեռային սեզոնը, շաբաթ օրը, պատասխանելով Պիրենեյներով անցնող հնարավոր նոր գազատարի մասին հարցին, ասել է ֆինանսների նախարար Բրունո Լը Մերը, փոխանցում է Reuters-ը:

«Կարճաժամկետ նպատակն է ավելի շատ գազ, ավելի շատ նավթ, ավելի շատ էլեկտրաէներգիա ունենալ, որը կգա ոչ թե Ռուսաստանից, այլ այլ երկրներից,- ասել է նա լրագրողներին Իտալիայի հյուսիսում Ambrosetti բիզնես ֆորումի մամուլի ասուլիսին:- Դա ամիսների, շաբաթների, օրերի խնդիր է, ես վստահ չեմ, որ նոր խողովակաշարը կօգնի մեզ հաղթահարել ձմեռը»:

«Եկեք կենտրոնանանք շատ կարճաժամկետ խնդիրների վրա»,- ասել է նա՝ հավելելով, որ հանրային կարծիքը կարող է կասկածի տակ դնել ներդրումները հանածո վառելիքի ենթակառուցվածքներում, քանի որ ակնկալում է արագացնել անցումը «կանաչ» էներգիային։

«Էլեկտրաէներգիան եւ ջրածինն ինձ ավելի խոստումնալից են թվում, քան նոր գազատարը»,- ասել է Ֆրանսիայի ֆինանսների նախարարը։

Այս շաբաթ Իսպանիայի էներգետիկայի նախարարը քննադատել էր Եվրոպայի կախվածությունը ռուսական գազից նվազեցնելու նպատակով երկու երկրների միջեւ երրորդ գազատարի նախագծին աջակցելու Ֆրանսիայի դժկամությունը։