WikiLeaks-ի hրապարակումների շնորհիվ Արեւմուտքի ուշադրության կենտրոնում հայտնված Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադդին Հեյդարովի եւ նրա ընտանիքի անդամների գործերը շատ վատ են, այդ մասին հայտնում է ադրբեջանական Tia.az կայքը` վկայակոչելով ներիշխանական աղբյուրները:

Աղբյուրը հայտնում է, որ արեւմտյան պետությունները Ադրբեջանի պաշտոնյաների հետ կապված ուսումնասիրություններ են անցկացրել եւ որոշել ջրի երես հանել մի շարք բարձաստիճան պաշտոնյաների հսկայական հարստության ծագումնաբանությունը:

«Գործընթացը նախեւառաջ սկսվել է «արտակարգ» նախարարից եւ նրա գերդաստանից: Այնպես որ, վերջին մեկ շաբաթվա ընթացքում անցկացված ուսումնասիրությունները գերազանցապես կապված են եղել արեւմտյան բանկերում ունեցած նրանց հաշվեհամարների հետ»,-գրում է Tia.az-ը եւ հավելում, որ բրիտանական ոստիկանության կողմից անցկացված ստուգումների հետեւանքով սառեցվել են Քեմալադին Հեյդարովի որդու` Թալեհ Հեյդարովի բանկային հաշիվներից երկուսը: