Թուրքիայի կառավարության մամուլում գովազդի տեղադրման հարցերով վարչության որոշումը` Թուրքիայի ազգային փոքրամասնություններին պատկանող վեց թերթերին 250 հազար լիրա (145 հազար դոլար) ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ, այդ թերթերի գործունեությունում ոչինչ չի փոխի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Նրա խոսքով`  հայկական  թերթերը կշարունակեն իրենց գործունեությունը` չփոխելով թերթերի դիրքորոշումը եւ չլավացնելով հրապարակումների որակը: «Ինչպես նախկինում, «Ակոսը» կտարբերվի  ավելի համարձակ կեցվածքով, իսկ «Մարմարան» եւ «Ժամանակը» իրենց գործունեությունը կշարունակեն առանց փոփոխության:  Սակայն այդ քայլը թուրքական իշխանությունների կողմից կօգտագործվի որպես PR ակցիա:  Թուրքիան փորձում է ցույց տալ, որ ոչ միայն չի ճնշում ազգային փոքրամասնություններին, այլ նրանց ֆինանսական աջակցություն է ցույց տալիս»,-նկատեց թուրքագետը:

Ֆինանսական աջակցություն ստացած թերթերի շարքում են հունական «Ապոեւմատինի»  եւ «Իխո», հրեական «Շալոմ» եւ հայկական «Ակոս», «Մարմարա», «Ժամանակ» թերթերը: Պարբերականները կզրկվեն  գովազդ կամ վճարովի հայտարարություններ տպագրելու իրավունքից, քանի որ դրա համար անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ: