Երեւանյան խանութներում շաքարավազի մոտ 20 տոկոսով անակնկալ թանկացումը առիթ է անդրադառնալու, թե իրականում ինչ գործընթացներ են տեղի ունենում շաքարավազի համաշխարհային շուկայում:
Միջազգային շուկայում իրոք շաքարավազը թանկացել է, սակայն այն հեռու է փետրվարի գնից, երբ գրանցվեց շաքարավազի գնի պատմական ռեկորդը` 32,09 ցենտ 1 ֆունտի (0,4535 կգ) դիմաց։ Նշենք, որ փետրվարին շաքարավազի 1 կգ-ը երեւանյան խանութներում վաճառվում էր 360 դրամով, այնուհետեւ մարտին թանկացավ մինչեւ առավելագույնը 410 դրամ:
Վերջին շաբաթների ընթացքում շաքարավազի միջազգային գինը չի գերազանցում 30 ցենտ/1 ֆունտ մակարդակը: Այսինքն` աշխարհում շաքարավազը կամ նրա հումքն ավելի թանկ չէ, քան փետրվարին էր: Ուստի հայաստանյան մանրածախ շուկայում տեղի ունեցած 20 տոկոսանոց գնաճը իրոք կարելի է դասել անակնկալների շարքին:
Շաքարավազի միջազգային գները ձեւավորվում են 2 հիմնական գործոնի հաշվին: Առաջին` ինչպիսին է բերքը Բրազիլիայում, որը շաքարավազի հումքի խոշորագույն արտահանողն է, եւ երկրորդ` ինչպես է աճում սպառումը գերբնակեցված Չինաստանում եւ Հնդկաստանում:
Բրազիլիայում այս տարի բերքն ավելի քիչ է, քան անցյալ տարի: Բերքահավաքը դեռ չի ավարտվել, ուստի գնահատականներն էլ տարբեր են: Ամենայն հավանականությամբ` բերքի կորուստը կլինի 5-10 տոկոսի շրջանակներում, ինչն առանձնապես խուճապի տեղիք չպետք է տա:
Համաշխարհային շուկան առավել զգայուն արձագանքել է Հնդկաստանի շուկայի սպասումներին: Այդ երկրում շաքարավազի սպառումն անշեղորեն աճում է, հիմնականում ի հաշիվ կոնֆետների ու հրուշակեղենի արտադրության աճի հաշվին: Ենթադրվում է, որ արդեն հոկտեմբերին Հնդկաստանը կսկսի շաքարավազի խոշոր ներկրումներ, ինչն էլ որոշ աժիոտաժ է առաջացրել միջազգային շուկայում: Բացի այդ` կանխատեսվում է, որ Չինաստանն այս տարի կներկրի 5 մլն տոննա շաքարավազ, նախորդ տարվա 2 մլն տոննայի դիմաց:
Սակայն միջազգային շուկայում կան նաեւ լավատեսական զարգացումներ: Ռուսաստանում եւ Ուկրաինայում այս տարի գրանցվել է շաքարի ճակընդեղի ռեկորդային բերք: Դրա շնորհիվ Ուկրաինան ոչ միայն շաքարավազ չի ներմուծի, այլեւ կարտահանի, իսկ Ռուսաստանը խոշոր ներկրումների կարիք չի ունենա:
Ըստ ռուսական մամուլի տեղեկությունների` շաքարավազի մեծածախ գինն այդ երկրում նվազում է, եւ ներկայում գտնվում է 1 կգ-ը 27-28 ռուբլու (345-360 դրամ) սահմաններում: Նշենք, որ տարվա սկզբին շաքարավազը Հայաստանում շատ ավելի էժան էր, քան տարածաշրջանի ցանկացած այլ երկրում, սակայն ներկայում այդ առավելությունից ոչինչ չի մնացել:
Այնուամենայնիվ, հայաստանցիներին կարող է մխիթարել այն հանգամանքը, որ հարեւան Վրաստանում շաքարավազը դեռեւս ավելի թանկ է` «Ագարա» գործարանի բացթողնման գինը 1 կգ-ի համար 2.05 լարի է կամ մոտ 480 դրամ:
Սամվել Ավագյան



























