Հայաստանի Ազգային ժողովն իր առաջին իսկ նիստում պետք է օրակարգից հանի հայ-թուրքական արձանագրությունները. դա հրատապ հարց է, նույնիսկ մեր այդ քայլն ուշացած է։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր, պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը:
Նրա խոսքով, հայկական կողմը պետք է շտապ քայլեր ձեռնարկի հայ-թուրքական արձանագրություններից իր ստորագրությունը հետ վերցնելու ուղղությամբ՝ ամբողջ պատասխանատվությունը դնելով Թուրքիայի վրա։
«Հայաստանն իր ստորագրությունը պետք է վաղուց հետ վերցրած լիներ, հատկապես այն ժամանակ, երբ թուրքական կողմը հայտարարում կամ երկկողմ հարաբերությունների կարգավորման նախապայման էր դիտարկում ղարաբաղյան հարցը։ Սա բավական լուրջ հիմք էր, որպեսզի Հայաստանը չեղյալ հայտարարեր իր ստորագրությունը»,- ամփոփեց Հրայր Կարապետյանը։
Նշենք, որ Թուրքիայի խորհրդարանն օրեր առաջ անվավեր էր ճանաչել նաեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ երկկողմ հարաբերությունների ամրապնդման մասին արձանագրությունները, որոնք ստորագրվել էին 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Ահմեդ Դավութօղլուի միջեւ:
Հայ-թուրքական արձանագրությունները Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն ստորագրել էին 2009 թվականի հոկտեմբերին՝ Ցյուրիխում։ 2010 թվականի ապրիլին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանը դադարեցնում է արձանագրությունների վավերացումը, քանի որ թուրքական կողմը փորձում է նախապայմաններ առաջ քաշել։




























