ՀՀ կառավարությունն առաջարկում է վավերացնել Հայաստանի Հանրապետության եւ Բելառուսի Հանրապետության կառավարությունների միջեւ ստորագրված եւս մի համաձայնագիր։ Այս մասին սեպտեմբերի 7-ին Ազգային ժողովում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստին վերոնշյալ հարցի քննարկման ժամանակ հայտարարեց հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։
Այս համաձայնագիրը վերաբերում է երկու երկրների քաղաքացիների առանց վիզայի փոխայցելություններին։ Այդպես, մասնակից մի պետության քաղաքացիները կազատվեն պարտադիր գրանցումից մեկ այլ մասնակից պետության իրավասու մարմիններում այդ պետության տարածք մուտք գործելու օրվանից 30 օրվա ընթացքում:
«30 օրից ավելի մնալու դեպքում քաղաքացուց գրանցվել կպահանջվի իրավասու մարմիններում՝ համաձայն այն երկրի օրենսդրության, որտեղ նա գտնվում է»,- պարզաբանեց փոխնախարարը։
Կառավարության կարծիքով՝ արձանագրության վավերացումը կհեշտացնի Հայաստանի եւ Բելառուսի միջեւ առանց վիզայի փոխադարձ ուղեւորությունների մեխանիզմները։
Համեմատաբար կարճ քննարկումներից հետո օրենսդրական նախաձեռնությունը դրական եզրակացություն ստացավ խորհրդարանական հանձնաժողովի կողմից։





























