Հանրահայտ շվեդական IKEA կահույքի ցանցի հիմնադիր Ինգվար Քամփրադը եղել է նացիստական գաղափարախոսության հետեւորդ: Այդ մասին հիշատակվում է Էլիզաբեթ Օսբրինքի «Եվ վիեննական անտառում են ծառեր մնում» գրքում, հաղորդում է Jerusalem Post-ը:

85-ամյա Քամփրադը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հաշվառման մեջ է եղել Շվեդիայի պետանվտանգության մարմիններում` նացիստական կուսակցության անդամագրվելու համար: Պատերազմից հետո ապագա միլիարդատերը կապեր է պահպանել Նոր շվեդական շարժման ղեկավար Փեր Էնգդալի հետ, ով Հիտլերին կոչում էր «Եվրոպայի փրկիչ»:

Քամփրադի գաղափարական նախասիրությունների մասին հայտնի է դարձել 90-ականներին: Այն ժամանակ գործարարը դրանք ներկայացրել էր որպես «երիտասարդության փնտրտուքներ»` նշելով, որ նացիզմին հակված է եղել գաղափարախոսության մեջ առկա սոցիալիստական տարրերի պատճառով:

Forbes-ի տվյալներով, Քամփրադի կարողությունը 2011 թ. ապրիլին գնահատվել է 6 միլիարդ դոլար, աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում նա զբաղեցնում է 162-րդ տեղը: