Արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին պատրաստ չէ անգամ դրանց կոչ անող Հայ ազգային կոնգրեսը: Այդ մասին օգոստոսի 25-ին կայացած ասուլիսում հայտնել է Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը:

Նրա կարծիքով, երկխոսության արդյունավետության մասին կարելի է խոսել միայն այն դեպքում, եթե դրա օրակարգը, որոշ ժամանակ անց` օրինակ 1-2 ամիս հետո, ընդլայնվի: «Դա կվկայի այն մասին, որ կողմերը արմատական ձեւով, ոչ թե արմատականության դիրքերից, այլ հենց արմատական ձեւով կփոխեն երկրի ներքին կյանքը: Դա ուղղություն է, որին ձգտում են երկու կողմերը»,- ասել է Ա.Մելիքյանը:

«Ես հույս ունեմ, որ երկխոսությունը արդյունքներ կունենա: Այլ հարց է` պատրաստ կլինեն արդյոք կողմերը սկզբունքային որոշումների համատեղ ընդունմանը»,-նշել է Ա. Մելիքյանը:

Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Մկրտիչ Մինասյանի կարծիքով, երխկոսությունը համար հարթակ է հասարակական-քաղաքական խնդիրների քննարկման համար: «Օրինակ, մենք գտնում ենք, որ ընտրական կոդեքսը լավագույն պայմաններն է ստեղծում ընտրությունների անցկացման համար: Բայց այլ քաղաքական ուժ հայտարարում է, որ այն անհրաժեշտ է փոփոխել: Մտքեր փոխանակելով, մենք կարող ենք անմիջական քննարկումների արդյունքում փոխըմբռնման հասնել»,- ասել է Մ. Մինասյանը: