Հայաստանի ամենամեծ խնդիրն այն է, որ մարդիկ հեռանում են երկրից: Այս մասին այսօր` օգոստոսի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ֆրանսահայ երգիչ Մարթեն Յորգանցը: «Ամենամեծ պրոբլեմը սա է` ինչպես կրնանք հայերուն համոզել եւ իրենց գործը ստեղծել, որպեսզի հայերը հոս մնան»,- նշեց նա:
Ֆրանսահայ երգչի կարծիքով` Հայաստանի ժողովուրդը, կառավարությունը եւ սփյուռքը միասին պետք է գործեն եւ Հայաստանը վերածեն հիանալի երկրի, որ բոլորը նախանձեն: «Մեզ չսիրող ազգերը պիտի նախանձին, ոչ թե վախնան, այլ սեղան նստեն եւ խոսեն, մեզի մարդու տեղ դնին»,- ասաց երգիչը: Նրա համոզմամբ` Հայաստանի ամեն քառակուսու նկատմամբ պետք է ավելի ուշադիր լինել եւ գեղեցկացնել այն: Մարթեն Յորգանցը նշեց նաեւ, որ Հայաստանում շատ տաղանդավոր երգիչներ կան եւ առհասարակ մեր ժողովուրդը շատ բախտավոր է, որ այսքան տաղանդներ ունի: «Երկիրը շատ է փոխվել: Հպարտությամբ կասեմ, որ Հայաստանում արժեքավոր երգիչ, երգչուհիներ կան, շատ լավ նվագողներ կան»,- ասաց նա:
Մարթեն Յորգանցը մեծ սիրով կգա եւ կապրի Հայաստանում. «Երբ ռեստորանս կծախեմ եւ ազատ կըլամ, ես կուզեմ Հայաստան գալ տարին մինիմում 3 անգամ, ինչպես որ կուզեմ ապրել ուրիշ երկրներու մեջ, որ կարողանամ երգել եւ հայերու, եւ օտարներու համար»,- նշեց նա:
Նշենք, որ Մարթեն Յորգանցը Ֆրանսիայում փոքր ռեստորան ունի, որտեղ նա ամեն երեկո երգում է տարբեր ազգերի ներկայացուցիչների համար:




























