Երեւանի «Ֆիզգորոդոկ» թաղամասում, որտեղ «Ռատկո» ՍՊԸ-ն երկու շաբաթ է՝ վերսկսել է շինաշխատանքները, այսօր՝ սեպտեմբերի 9–ին, իրավիճակը կրկին լարվել է։

Թաղամասի բնակիչների խոսքով՝ իրավիճակը լարվել է «Ռատկոյի» կողմից շինարարական նորմերը խախտելու հետևանքով։ Ըստ նրանց՝ շինտեխնիկան կայանել են արգելված վայրում, իսկ ոստիկաններն էլ ոչինչ չեն ձեռնարկել, որ այն հանվի ճանապարհից, ինչից հետո էլ իրավիճակը լարվել է ու ոստիկանները բերման են ենթարկել Հայկ Հարությունյանին ու Կարեն Ամիրխանյանին։

«Երբ ես իմ մեքենան կայանեցի, «Ռատկո» ՍՊԸ-ից կանչեցին ոստիկանների։ Ոստիկաններն ինձ ասացին, որ մեքենան պետք է հանեմ, խոստացան, որ շինտեխնիկան կչափեն, տեսնեն այն խանգարո՞ւմ է երթևեկությանը, թե՝ ոչ։ Ես մեքենաս հանեցի, բայց անգամ չափումներն անելուց հետո, երբ տեսան, որ ինը մետրանոց ճանապարհից երեք մետրն է ազատ, ճանապարհային երթևեկության համար վտանգավոր իրավիճակ է ստեղծվել, միևնույն է՝ ոչ մի գործողություն չարեցին, որ արգելեն դրա կայանումը, մինչդեռ արգելող նշանը տեղադրված էր։

Պարեկային ոստիկան Փաշոյանը պահանջում էր, որ չարգելված վայրում  կայանած իմ մեքենան հանեմ այդ տարածքից։ Բայց ես կայանել էի թույլատրված տեղում։ «Ռատկո» ՍՊԸ-ից ներկայացնում էին ինչ–որ փաստաթուղթ, թե Ճանապարհային ոստիկանությունը չի առարկում, որ իրենց մեքենան կայանեն կանգառն արգելված վայրում, որի իրավունքը ոստիկանությունը չունի։ Ես պնդում էի ցույց տալ օրենք, որով նրանց թույլատրվում է կանգառն արգելված վայրում կայանել մեքենա, իրենք ինձ այդ օրենքը ցույց տալ չկարողացան։ Ոստիկանները ապօրինի պահանջ ներկայացրեցին, որ ես իմ մեքենան հանեմ, իսկ իմ օրինական պահանջը, որ կանգառն արգելող վայրում արգելեն շինտեխնիկայի կայանումը, չկատարեցին։

Ֆիզիկայի ինստիտուտում կան ռադիոակտիվ նյութեր, ցանկացած պահի կարող է ինչ–որ բան տեղի ունենալ, ինչի հետևանքով վտանգավոր իրավիճակ կարող է ստեղծվել, բայց դա իրենց չի հետաքրքրում, իրենց միայն հետաքրքրում է ապօրինի շինարարության կատարման հնարավորությունն ապահովելը»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայկ Հարությունյանը։

Կարեն Ամիրխանյանի խոսքով՝ իրեն բերման են ենթարկել ոստիկանին «թարս» նայելու համար. «Ես միջադեպին մասնակցություն չեմ ունեցել, ուղղակի հորդորում էի, որ Հայկ Հարությունյանը իր կայանած մեքենան հանի, որովհետև ապարդյուն էր նրանց հետ վիճելը, բայց արդյունքում ինձ էլ բերման ենթարկեցին»։ 

Ոստիկանները, ըստ Հայկ Հարությունյանի, իրենց բերման են ենթարկել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հիմքով. «Ինձ ոստիկանի կողմից օրինական պահանջ չի ներկայացվել, հակառակը՝ անօրինական պահանջ էր ներկացվում»։

Բերման ենթարկված երկու քաղաքացիներին էլ արդեն ազատության մեջ են։                                                

Նախորդ շաբաթ, երբ «Ռատկո» ՍՊԸ-ն վերսկսել էր շինաշխատանքները, բնակիչները փորձել էին դիմադրել, բայց կրկին երկու քաղաքացի էր բերման ենթարկվել, այդ թվում՝ Հայկ Հարությունյանը։              

Հիշեցնենք, որ 2021-ի ամռանը «Ֆիզգորոդոկ»-ի բնակիչները պահանջում էին կասեցնել Ալիխանյան 6/1 հասցեում սկսված եւ իրենց պնդմամբ ապօրինի շինաշխատանքները։ Շուրջ 2000 քմ մակերեսով հողատարածքի սեփականատերը «Ռատկո» ընկերությունն է, որը Երեւանի քաղաքապետարանից շինթույլտվության իրավունք ստացել է 2021-ի հուլիսին։ ԿԳՄՍ-ն 2021-ի փետրվարին «Ֆիզգորոդոկ»-ի տարածքը ճանաչել է որպես նորահայտ հուշարձան, իսկ մայիսին Ալիխանյան 6/1-ի հասցեի հողակտորը հանել է հուշարձանի տարածքից: Այստեղ նախատեսվում է բազմաբնակարանային շենք կառուցել, որի նպատակով հատվում են տարածքի երկարամյա բազմաթիվ ծառերը։ Բացի դրանից, այդ ըստ բնակիչների՝ սահմանափակվելու է մուտքը հարակից շենքեր։

Բնակիչները դիմել էին դատարան՝ վիճարկելու կառուցապատումը. դատարանը վարույթ էր ընդունել հայցը, բայց չէր կասեցրել շինարարությունը: Բնակիչներն ահազանգում էին նաեւ, որ այդ հողատարածքը անօրինական է սեփականաշնորհվել։ Նրանք քաղաքապետարանից պահանջում էին շինթույլտվության վերաբերյալ փաստաթղթեր, սակայն, քաղաքապետարանը չէր տրամադրում դրանք։

Շինարարության իրականացման շուրջ առաջացած խնդրի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու արդյունքում  ծանր հետեւանքների հանգեցնելու հոդվածով։