Յորքի արքեպիսկոպոսը պատմել է, թե ինչպես է ժամանակին ինքը «բուժել» հանգուցյալ թագուհու Bentley-ն այն բանից հետո, երբ մեքենան հրաժարվել է գործի ընկնել, գրում է PA Media:

Ելույթ ունենալով խորհրդարանում՝ վերապատվելի Սթիվեն Քոթրելը պատմել է այն մասին, թե ինչպես է միապետի մեքենան ի վերջո գործի ընկել այն բանից հետո, երբ ինքը «խաչի մեծ նշան» է արել դրա վրա՝ արժանանալով թագավորական գովասանքին:

Բարձրաստիճան հոգեւորականը, որը նախկինում ծառայել է որպես Չելմսֆորդի եպիսկոպոս, իր հիշողություններն է պատմել, երբ հոգեւորականները երկրորդ օրը հավաքվել են Լորդերի պալատում՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ Բրիտանիայի ամենաերկար ղեկավարած թագուհուն՝ 96 տարեկան հասակում նրա մահից հետո:

«Ես քարոզում էի Սանդրինգհեմի ծխական եկեղեցում: Մենք կանգնած էինք դրսում։ Bentley-ն եկավ թագուհու հետեւից, բայց Bentley-ն գործի չէր ընկնում... Սպասում եմ, որ ոստիկանը կմիջամտի։ Բայց ոչինչ տեղի չի ունենում։ Վայելելով պահի թատերականությունը՝ ես առաջ եկա եւ խաչի մեծ նշան արեցի թագուհու մեքենայի վրա՝ հուրախություն հավաքվածների։ Այնտեղ հարյուրավոր մարդիկ կային․ դա թագուհին էր»,- պատմել է արքեպիսկոպոսը։

Նրա խոսքով՝ երբ վարորդը փորձել է նորից գործի դնել մեքենան, ամեն ինչ ստացվել է։

«Թագուհին նստեց մեքենայի մեջ եւ վերադարձավ Սանդրինգհեմ: Ես հետեւում եմ նրան մեկ այլ մեքենայով: Երբ ես հասա Սանդրինգհեմ ճաշին, թագուհին փայլող ժպտալով ասաց. «Ահ, եպիսկոպոս: Սա եպիսկոպոսն է։ Նա բուժեց իմ մեքենան»,- պատմել է նա իր հուշը:

Հոգեւորականը հավելել է. «Երկու տարի անց, երբ ես ողջունեցի նրան Չելմսֆորդի տաճարի արեւմտյան ճակատում, հենց այն պահին, երբ պետք է սկսվեր շատ մեծ պատարագ... նա ինձ մի կողմ քաշեց եւ ասաց. «Եպիսկոպոս, հաճելի է ձեզ կրկին տեսնելը։ Կարծում եմ՝ այսօր մեքենայի հետ ամեն ինչ կարգին է, բայց եթե խնդիրներ ունենամ, կիմանամ՝ ուր գալ»։