Լեհաստանը նախատեսում է բանակցել Գերմանիայի հետ Երկրորդ համաշխարհային պատերազմում կրած կորուստների փոխհատուցման հարցի շուրջ, հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով, այդ բանակցություններին կհրավիրվեն նաեւ Իսրայելի ներկայացուցիչները, քանի որ նացիստների զոհերի կեսը հրեաներ են եղել։

Լեհաստանի վարչապետը չի բացառել նաեւ փոխհատուցումների հարցով միջազգային ատյաններ դիմելը։

Նա նշել է, որ 6,2 տրիլիոն զլոտին Գերմանիայի համար այդքան էլ մեծ գումար չէ։

«Գերմանիայի Դաշնային Հանրապետության ամբողջ բյուջեն, այսինքն՝ դաշնային կառավարության բյուջեն, հողերի բյուջեի հետ միասին, գրեթե նույնքան մեծ է»,- ասել է Մորավեցկին։

Նա նշել է, որ Լեհաստանը պատերազմի ժամանակ Եվրոպայի մյուս երկրներից ավելի շատ է տուժել, սակայն փոխհատուցում չի ստացել, եւ այդ պատճառով Վարշավան նախատեսում է համապատասխան դիվանագիտական նոտայով դիմել Բեռլինին։

Լեհաստանի վարչապետը խոստացել է երկրի կորուստների մասին զեկույցով շրջել աշխարհով մեկ, հայտնում է MK-ն։

Ավելի վաղ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել էր, որ երկիրը որոշել է վերականգնել Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառած վնասը։ Շուտով երկիրը կդիմի Գերմանիային եւ փոխհատուցում կպահանջի։

Ինչպես նշել է իշխող «Օրենք եւ արդարություն» կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկին, Լեհաստանը Երկրորդ համաշխարհային պատերազմից իր կորուստները 6,2 տրիլիոն զլոտի (1,32 տրիլիոն դոլար) է գնահատում: Դրանից հետո Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին ասել է, որ երկրի իշխանությունները պատրաստվում են նոտա հղել Գերմանիա՝ փոխհատուցումների վճարման շուրջ բանակցային գործընթաց սկսելու առաջարկով։