Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը հերքում է մամուլում տարածված այն տեղեկությունները, որ իր եղբայրը` Նաիրի Սահակյանը, մարդ է ծեծել: NEWS.am-ի հետ զրույցում մարզպետ Սարգիս Սահակյանը նշեց, որ դա սխալմունք է: «Հասկացիր, տենց բան չի եղել»,- ասաց նա: Մեր ճշտմանը, թե ի՞նչն է սխալմունք, Նաիրի Սահակյանը ձեր եղբա՞յրն է, թե՞ ոչ, նա բարկացած արձագանքեց. «Իմ եղբայրն է, ոնց իմ եղբայրը չի, այ քեզ բան»,- ասաց նա:

Օգոստոսի 23-ին ժամը 23.00-ի սահմաններում Ժորա Նազարյանին ռեստորաններից մեկում ծեծի է ենթարկել Նաիրի Սահակյանը եւ Սասունիկ գյուղի երեք բնակիչ: Ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների` ծեծողը` Նաիրի Սահակյանը, մարզպետի եղբայրն է եւ նա  ծեծի է ենթարկել Ժորա Նազարյանին, քանի որ վերջինս փորձել է  բողոքել գյուղում անցկացվող ջրագծից, որն անց է կացնում մարզպետը` բարերարների օժանդակությամբ: Ոստիկանության մամուլի ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ օգոստոսի 24-ին ժամը 02.30-ին Ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Սասունիկ գյուղի բնակչուհի Շողակաթը եւ հայտնել է, որ Աշտարակի ռեստորաններից մեկում ծեծի են ենթարկել ամուսնուն: «Նույն օր ժամը 04.00-ին Ժորա Ն-ն հաղորդում է տվել, որ օգոստոսի 23-ին ժամը 23.00-ի սահմաններում ռեստորանում իրեն ծեծի է ենթարկել Նաիրի Ս-ն եւ  Սասունիկ գյուղի բնակիչներ` Արթուր Ն-ն, Արթուր եւ Արտակ Մ-երը` ուսի եւ դեմքի մասերում պատճառելով վնասվածքներ: Ժորա Ն-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր, կատարվում է հետաքննություն»,- նշել է նա:

Ինչ վերաբերում է տեղեկություններին, որ մարզպետի եղբայրը` Նաիրի Սահակյանը ցանկանում է ԱԺ պատգամավոր դառնալ, նա  նշեց. «Ես շատ գիտեմ, իրեն զանգեք հարցրեք»,- ասաց մարզպետը, բայց չտվեց եղբոր հեռախոսահամարը` ճշտելու` նա ցանկություն ունի պատգամավոր դառնալ, թե ոչ: