Հայոց ցեղասպանության պատմական փաստը քննարկաման ենթակա չէ: Այդ մասին ասել է Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը` մեկնաբանելով մամուլում տարածված տեղեկությունները, թե Սերժ Սարգսյանը Ցեղասպանության հարցերի քննարկման հարցում ավելի մեղմ եւ պարտվողական դիրքորոշում ունի:
Ըստ Արզումանյանի, Հայոց ցեղասպանությանն առնչվող պատմական փաստերը չեն կարող քննարկվել պատմաբանների կողմից, ոչ էլ անգամ ամբողջական միջկառավարական հանձնաժողովի կողմից, այլ ավելի ցածր, միջկառավարական հանձնաժողովի ենթահանձնաժողովներից մեկի շրջանակներում, եւ նախագահ Սարգսյանը մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել է իր տեսակետը:
Հայաստանի նախագահի մամուլի քարտուղարը բացահայտ ապատեղեկատվություն է համարել այս կապակցությամբ այլ մեկնաբանությունները:
Նշենք, որ այսօր մամուլում հայտնվել են Wikileaks սկանդալային կայքի նյութերի հերթական բաժինը: Ըստ այդ հրապարակման, ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի` 2009 թվականի սեպտեմբերի 12-ով թվագրված հեռագրում ասվում է, թե Սերժ Սարգսյանը հանդիպել է ԱԳՆ դիվանագետների հետ եւ հայտարարել է, որ երկկողմ հարաբերությունների հաստատման համար հայ-թուրքական արձանագրությունները ցույց տվեցին, որ Հայաստանի շահերը կպաշտպանվեն երեք չափազանց կարեւոր ճանապարհներով. առաջին` Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը եւ բանակցությունները որեւէ կապ չպետք է ունենան Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման հետ, երկրորդ` Հայոց Ցեղասպանության հարցը չպետք է քննվի պատմաբանների կողմից եւ երրորդ` Հայաստանի ներսում Արձանագրությունների շուրջ բաց եւ լայն հասարակական քննարկումներ պետք է անցկացվեն, որոնք կնպաստեն այս կարեւոր համաձայնագրի ստորագրմանը:




























