Երեւանի ոսկու շուկաներում օգոստոսի 25-ին ոսկու 1 գրամի արժեքը էժանացել է 4-5 դոլարով: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ միջազգային շուկաներից տեղեկություններ են ստացվել ոսկու կտրուկ էժանացման մասին:
Մ. Խորենացի փողոցում գտնվող «Ոսկու աշխարհ» տոնավաճառի ոսկու առեւտրով զբաղվող Սամվելը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ ներկայում 999 հարգի ոսկին (երեւանցիներին առավել հայտնի «չերվոն» անվամբ) վաճառում են 1 գրամը 58 դոլարով` երեկվա 61-62 դոլարի համեմատ: 750 հարգի ոսկին վաճառվում է 40 դոլարով` երեկ այն թանկ էր 4 դոլարով: Իսկ 585 հարգի ոսկու գինն իջել է մինչեւ 34 դոլար, թեեւ երեկ արժեր 36 դոլար: Բոլոր այս գները վերաբերում են մետաղին (լոմ):
Ոսկու մյուս շուկաներում հիմնականում հաստատեցին գների վերաբերյալ այս տեղեկությունները, իսկ առեւտրականներից մեկն ասաց, որ «խառնվել են իրար»: Պատճառն այն է, որ նախորդ շաբաթ առեւտրականները ոսկին ձեռք են բերել թանկ գներով, սակայն չեն հասցրել այն իրացնել: Հիմա, եթե ոսկու գինը կրկին վերելք չապրի, ապա լուրջ վնասներ կունենան: Մալաթիա տոնավաճառի հարեւանությամբ գտնվող ոսկու շուկայի աշխատակիցներից մեկն ասաց, որ թեեւ ոսկին էժանացել է, սակայն պահանջարկը չի աճել: «Ով պետք է առներ` առնում է, ով միտք չուներ առնելու` շուկա չի գալիս»,- ասաց վաճառականը:
Նշենք, որ միջազգային շուկաներում ոսկու տրոյական ունցիայի (31,1 գրամ) գինը օգոստոսի 25-ին 1910 դոլարից իջել է մինչեւ 1714 դոլար: 1980 թվականից հետո սա ոսկու գնի միօրյա ամենամեծ անկումն է:
Ոսկու էժանացումն ունի 2 հիմնական պատճառ: Նախ, օգոստոսին ոսկին թանկանում էր բավական արագացված տեմպերով: Օգոստոսի սկզբին ոսկու ունցիայի գինը գտնվում էր 1700 դոլարի սահմաններում, ուստի 12 տոկոս աճը 3 շաբաթվա ընթացքում բավական բարձր տեմպ է: Ոսկու գինն աճում էր հիմնականում ամերիկյան եւ եվրոպական տնտեսությունների վերաբերյալ բացասական գնահատականների պատճառով:
Դրան մեծապես նպաստեց այն հանգամանքը, որ Standard & Poors վարկանշային գործակալությունը ԱՄՆ վարկանիշը ամենաբարձր AAA աստիճանից իջեցրեց մինչեւ AA+` «բացասական» կանխատեսմամբ: Իրավիճակը անկայուն է գնահատվում նաեւ Եվրոպայում` պարտքային խնդիրների հետ կապված: Այս պարագայում ոսկին դիտվում է որպես առավել հուսալի ներդրումային գործիք:
Սակայն ներկայում ԱՄՆ տնտեսության մասին հոռետեսական գնահատականները պակասել են, ինչը ներդրողների մոտ վստահություն է առաջացրել ամերիկյան ընկերությունների արժեթղթերի նկատմամբ:
Ինչպես ավելի վաղ կանխատեսել էր NEWS.am-ը` դրան մեծապես նպաստեց լիբիական պատերազմում ՆԱՏՕ-ի ռազմական հաջողությունը: Այսպիսով` ֆոնդային բորսաներում հետաքրքրություն է առաջացել առավել բարձր եկամտաբերություն ունեցող ակտիվների նկատմամբ, ինչի հետեւանքով ոսկին վաճառում են` նման ակտիվներ ձեռք բերելու համար:
Սակայն նշենք, որ ոսկու գինը դեռեւս բավական բարձր է, թեեւ չի բացառվում դրա որոշ էժանացում եւս:
Սամվել Ավագյան



























