Վրաստանի նախագահ Միխայել Սահակաշվիլին ռասիստ է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ազգայնականության եւ կոնֆլիկտների հետազոտական ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Պաատե Զաքարեշվիլին: Նրա խոսքով, Սահակաշվիլիի պահվածքը այլ կերպ հնարավոր չէ գնահատել:
«Շատ ցավալի է, որ մարդն, ով իրեն համարում է Վրաստանի նախագահ եւ քաղաքական գործիչ, նման բան է ասել: Բայց դա առաջին անգամը չէ: Որոշ ժամանակ առաջ` վրացական մաքսային աշխատակիցներին դիմելով` Սահակաշվիլին ասել է հետեւյալը. «Դուք ինչ է վայրի նեգրեր ե՞ք», այնպես որ դա նորություն չէ»,-նշել է քաղաքագետը` մեկնաբանելով կամ Աբխազիայի կամ էլ Ռուսաստանի հասցեին հնչեցրած Սահակավիլիի վերջին հայտարարությունը:
Պատասխանելով այն հարցին, թե ինչ արձագանք կլինի դրանից հետո` վրացի քաղաքագետը նշել է, որ հաջորդ ընտրություններին վրացի ժողովուրդը պետք է որոշակի քայլեր ձեռնարկի եւ «վերջ»: «Իր արարքների համար Սահակաշվին արդեն մեկուսացվել է միջազգային հանրությունից: Կարող եք հիշել վերջին ժամանակաշրջանում Սահակաշվիլու եւ ԱՄՆ նախագահ Օբամայի, կամ որեւէ գերտերության այլ ղեկավարի պաշտոնական հանդիպում: Նրանից փորձում են հեռու մնալ»,- նշել է զրուցակիցը:
Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահը նախօրեին Աբխազիայի սահմանի վրա` Անակլիա առողջարանում ելույթ ունենալիս ցույց է տվել Աբխազիայի կողմը եւ ասել այնտեղ «մոնղոլոիդների ժառանգներ» եւ «բարբարոսներ«, իսկ դրանից այս կողմ «հին քաղաքակրթություն է»: Այդ հայտարարությունը դժգոհություն է առաջացրել Վրաստանում եւ դրա սահմաններից դուրս: Սահակաշվիլիին մեղադրել են այլատյացության եւ ռասիզմի մեջ:




























