Մուամար Քադաֆիի վարձկաններից մեկը` հարավսլավացի պաշտոնաթող գեներալը լիբիական առաջնորդին «հիմար եւ լուսնոտ» է համարել:  Time հանդեսին տված հարցազրույցում անունը հայտնել չցանկացող գեներալն ասել է, որ Քադաֆիի մոտ աշխատել է որպես ռազմական խորհրդական եւ Տրիպոլին թողել է օգոստոսի 21 –ին:

«Այնտեղ քաոս է. ողջ համակարգը փլուզվում է: Ես Քադաֆիի հետ չեմ խոսել 4 շաբաթ, նա չէր ցանականում ինձ լսել»,-հիշել է գեներալը:

Լիբիացի առաջնորդին նա համարել է «հիմար»` համեմատելով Միլոշեւիչի հետ, ով եւս դեմ դուրս եկավ ՆԱՏՕ-ին: « Չի կարելի պայքարել ՆԱՏՕ-ի հետ եւ ձեւանալ այդպես համառ լուսնոտ, ինչպես նա»,-հայտարարել է գեներալը:

Բալկաններից մել այլ վարձկան, հրետանու 41-ամյա մասնագետ Մարիոն (ազգանունը չի նշվում) կիսվել է Քադաֆիի զորքերի աշխատանքի մասին տպավորություններով: Ըստ նրա` վարձկանների մեծ մասը Լիբիայից եւ Չադից էին. կարգապահությունը, ինչպես նաեւ զինվորների ուսուցման մակարդակը, շատ ցածր էր:

Միաժամանակ, Մարիոյի կարծիքով, Քադաֆին կարող էր կոտրել դիմադրությունը, եթե չլինենին ՆԱՏՕ-ի ինքնաթիռների հարվածները: «Մինչ այդ ամեն ինչ լավ էր»,-հիշում է նա: Հուլիսին նրա ենթակաների մոտ 30  տոկսոը դասալքել կամ անցել  է ապստամբների կողմը:

Ռեժիմի մոտալուտ անկման ազդանշաններից մեկը, ըստ նրա,  Քադաֆիի որդու`Սաիֆ ալ Իսլամի եւ նրա եղբայր Մոհամեդի մարդկանց միջեւ բախումն էր: